Հունիսի 27-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը լուսաբանող ինտերնետային կայքի շնորհանդեսը: Միջոցառմանը հրավիրված էին մի շարք երիտասարդական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի օգնական, հասարակության հետ կապերի պատասխանատու Մերի Եգանյանը: Շնորհանդեսը վարում էր ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը: Փոխնախարարը ընդհանուր առմամբ ներկայացրեց կայքի ստեղծման նպատակը, այնտեղ ընդգրկված տեղեկատվության բնույթը և կայքի գործարկման հետ կապված ակնկալիքները: Փոխնախարարը նշեց, որ կայքի գործարկումը թույլ կտա ավելի թափանցիկ դարձնել պետության կողմից երիտասարդական քաղաքականությունը իրականացող մարմինների գործունեությունը, կբարձրացնի երիտասարդության տեղեկացվածությունը նրանց հուզող հարցերի շուրջ: Կայքը լինելու է եռալեզու և մատչելի աշխարհի գրեթե բոլոր երկրների օգտագործողների համար: Այնուհետև տիկին Ասատրյանը խոսքը տվեց կայքի պատասխանատուին, որը ներկայացրեց կայքի կառուցվածքը և պարունակվող տեղեկատվությունը: Կազմակերպիչները խոստացան, որ կայքը (https://www.youthpolicy.am) պատրաստ կլինի լայն հանրության օգտագործման համար արդեն իսկ երեկոյան: