Հանդիպում Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի փորձագետների խմբի հետ

2005թ.-ի հուլիսի 8-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում հանդիպեց հատուկ այցով Հայաստանում գտնվող Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժնի փորձագետների խմբի անդամների հետ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ նախագահը խմբի անդամներին, որի կազմում էին ղեկավար Պիտեր Լորիցենը (Եվրոխորհրդի երիտասարդության ու սպորտի դիրեկտորատի երիտասարդական բաժին) և անդամներ Յան Սիպոսը (Սլովակիա), խորհրդական Միլոշ Շերնիյեջեվսկին (Սլովակիա), Գավան Թիթլեթը (Իրլանդիա), Դիտտա Դոլեյսիովան (Սլովակիա), դոկտոր պրոֆեսոր Հովարդ Վիլիամսոնը (Միացյալ Թագավորություն), Ջոաննա Հանթինգը (Եվրոխորհրդի քարտուղարություն), ներկայացրեց ՀԵԻԱ-ի պատմությունը, իրականացված և ընթացիկ գործունեությունը, ապա տեղեկատվություն տրամադրեց ՀՀ հասարակական կազմակերպությունների սեկտորի վերաբերյալ: Այնուհետև խմբի անդամները ՀԵԻԱ նախագահին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, երիտասարդության և երիտասարդական հկ-ների գործունեության, ինչպես նաև հկ սեկտորի` ԶԼՄ-ների և պետական սեկտորի հետ համագործակցության վերաբերյալ: Շոշափվեցին նաև ազգային և այլ փոքրամասնություններին վերաբերող խնդիրներ և այլընտրանքային զինվորական ծառայության հարցը: Հանդիպման վերջում պրն Պիտեր Լորիցենը խմբի անունից շնորհակալություն հայտնեց ՀԵԻԱ նախագահին` տրամադրած բովանդակալից և համապարփակ տեղեկատվության համար, որը մեծապես կօգնի Հայաստանի հկ սեկտորի և երիտասարդական հկ-ների գործունեության վերաբերյալ զեկույցի պատրաստման գործում: