2005թ.-ի հուլիսի 9-ին Թեքեյան կենտրոնում նշվեց Հայաստանի փաստաբանության 83-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և ՀՀ Փաստաբանների միության կողմից: Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի փաստաբանների միությունների փաստաբանները, ներկայացուցիչներ Ազգային ժողովից, այլ հյուրեր և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման պաշտոնական մասը բացեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, որը կարևորեց միջոցառումը, նշելով, որ փաստաբանական ինստիտուտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի և միայն անկախ, հզոր և ինքնակառավարվող փաստաբանական ինստիտուտն է ի վիճակի իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության համակարգում: Այնուհետև իրենց ողջյունի խոսքն ասեցին ՀՀ Փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը, միջոցառման մտահաղացման հեղինակ, փաստաբան Ենոք Ազարյանը, փաստաբան Ռուբեն Սահակյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հրավիրվեցին ավելի անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում օգտվելու հյուրասիրությունից և քննարկելու իրենց հուզող հարցերը: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ միջոցառումը կդառնա ավանդույթ և մոտ ապագայում ավելի մեծ շուքով կնշվի Փաստաբանության 85-ամյա հոբելյանը: Միջոցառումը լուսաբանեցին Հ1, Արմնյուզ, Արմենիա, ԱՐ, Երևան, Կենտրոն, “Պրոմեթևս” հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն և Իրավունք թերթը: