Ինչու՞ և ինչպե՞ս քննարկել Սահմանադրական բարեփոխումները

2005թ.-ի օգոստոսի 26-ին Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնը և ՀՀ Կառավարման պետական ակադեմիան “Ինչու՞ և ինչպե՞ս քննարկել Սահմանադրական բարեփոխումները” թեմայով կլոր սեղան – քննարկում էր կազմակերպել, որը կայացավ Երևանի “Կոնգրես” հյուրանոցում: Քննարկմանը հրավիրված էին Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, վերլուծաբաններ: “Հայաստանի երտասարդ իրավաբաների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունից քննարկմանը մասնակցեց իրավաբան Միհրան Գալստյանը: Որպես ներածական խոսք` Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացրեց ՀՀ Կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները կարևորում են Սահմանադրական բարեփոխումների փաթեթի լայն և զանգվածային քննարկումները, մերժում են խնդրի պարզունակ քաղաքականացումը` գտնելով, որ Սահմանադրությունը ոչ թե ներկա իշխանության կամ ընդդիմության համար է, այլ` ողջ հասարակության: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց ռեսուրսներով մասնակցել Սահմանադրական բարեփոխումների փաթեթի հանրային իրազեկման աշխատանքներին: Կլոր սեղանը նախատեսված էր այնպես, որ հիմնականում հանդես գան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` ներկայացնելով իրենց պատկերացումները հարցի վերաբերյալ: Ներկայացվեցին առանձին կազմակերպությունների ծրագրեր, առաջարկներ` բարեփոխումների փաթեթի հանրային իրազեկումն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: