2005թ-ի սեպտեմբերի 15-ին Գորիսի ուսուցիչների միությունում տեղի ունեցավ Գորիսի աղբահանության խնդիրների ոլորտին վերաբերող հանրային լսում: Հանրային լսումը կազմակերպվել էր Թրանսփարենսի ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի կողմից և նպատակ ուներ քաղաքացիներին իրազեկել կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում զարգացնել հասարակական վերահսկողության հմտություններ: Հանրային լսմանը մասնակցում էին Գորիսի հասարակական սեկտորի, քաղաքապետարանի, կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ: Ներկա էր նաև ՀԵԻԱ Գորիսի գրասենյակի ղեկավար Գեղամ Այվազյանը: Հիմնախնդրին նվիրված լսումը կազմակերպվել էր բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքում, որի ժամանակ հանրային ծառայություններից հենց աղբահանության ոլորտն էր առաջացրել առավել դժգոհություն: Խնդրի լուծման համար Գորիսի ՀԿ-ները ստեղծել են “Գորիսն ամենքիս տունն է” համագործակցությունը, որին անդամակցում է նաև ՀԵԻԱ Գորիսի գրասենյակը: Համագործակցությունը աղբահանության կարգավորման ուղղությամբ իրականացրել է հանրային լսումներ, կազմակերպել շաբաթօրյակներ, ֆոտոդիտարկումներ, դպրոցականների շարադրությունների մրցույթ, բնակչության իրազեկման բարձրացմանը ուղղված միջոցառումներ, մասնակցություն ավագանու նիստերին, և հասարակական ակտիվության խթանման այլ նախաձեռնություններ: