2005թ.-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Լոնդոնում կայացավ ավանդական Միջազգային հանդիպումը, որը արդեն 40 տարի կազմակերպվում է երիտասարդ իրավաբանների ու փաստաբանների կողմից` հնարավորություն ընձեռելով աշխարհի իրավաբաններին մասնակցելու Լոնդոնի իրավաբանական ոլորտի կարևորագույն միջոցառումներից մեկին: Այս տարի Միջազգային հանդիպմանը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացրեց Արման Սարվարյանը:
Միջոցառումը սկսվեց միջազգային գիտաժողովով, որը նվիրված էր Եվրոպական իրավունքին: Գիտաժողովի ընթացքում հնչեցին ճանաչված փաստաբանների ու իրավաբանների ելույթներ, որոնք հիմնականում նվիրված էին Եվրոպական իրավունքի կիրառմանը այլ երկրների օրենսդրության համադրությամբ, եվրոպական հաստատությունների լոբինգին, Եվրամիության օրենսդրության և եվրոպական մոտեցման կիրառմանը տեղական դատարաններում և այլն: Գիտաժողովի երկրորդ մասում գործնական խորհուրդներ տրվեցին Միացյալ Թագավորությունում վերապատրաստվող իրավաբաններին` Եվրոպայի այլ երկրներում աշխատելու և այլ երկրների իրավաբաններին` Լոնդոնում աշխատելու վերաբերյալ: Գիտաժողովից հետո բոլորը հրավիրվեցին մասնակցելու հանդիսավոր երեկույթի:
Հոկտեմբերի մեկին Պառլամենտի շենքում կայացած ճաշից հետո միջոցառումը շարունակեց Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Հանձնաժողովի ամենամյա հանդիպումը, որը առիթ է ասոցիացիային անդամակցող խմբերին ու կազմակերպություններին միմյանց հետ հանդիպելու և իրենց գաղափարներն ու տեղեկատվությունը փոխանակելու համար: ՀԵԻԱ-ն 1998թ.-ից հանդիսանում է Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարությունը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք կատարվել էին կազմակերպության հաշիվների ապահովության, վեբ-կայքի թարմացման, ֆինանսավորման աղբյուրների ուղղությամբ: Եվրոլոյեր պարբերականի առնչությամբ նշվեց, որ այն այսուհետ թողարկվելու և տարածվելու է նաև էլեկտրոնային տարբերակով: Պարբերականում այժմ հոդվածներ են տպագրվում ասոցիացիայի անդամների մասին` նպատակ ունենալով բարձրացնել միմյանց նկատմամբ տեղեկացվածությունն ու խթանել համագործակցությունը: Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարությունը հանդիպման ընթացքում ներկայացրեց կազմակերպության նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Կազմակերպության անդամ-խմբերը ներկայացրեցին իրենց հաջողված ծրագրերը: Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ ներկայացուցիչը Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի հետ քննարկել է արևմտյան Եվրոպայի երկրների համանման կազմակերպությունների հետ ՀԵԻԱ համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ՀԵԻԱ ապագա ծրագրերի կապակցությամբ Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի աջակցության հարցը: Եվրոպայի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ցանկություն է հայտնել իր վարչության կազմում ընդգրկել ՀԵԻԱ անդամներից մեկին, ինչը հնարավորություն կտա խթանել ՀԵԻԱ-ի մասնակցությունը, թույլ կտա ՀԵԻԱ-ին ընդգրկվել կարևորագույն հարցերի քննարկմանը, արտահայտել իր կարծիքը և այլն: Միջազգային այս իրադարձությունը բավականին կարևորվում է ՀԵԻԱ կյանքում, քանի որ այն նոր հնարավորություններ է նախանշում կազմակերպության համար, այն նաև թույլ է տալիս ներկայացնել կազմակերպությունը և հաղորդակից լինել Եվրոպայի իրավաբանական կյանքին: