2005թ.-ի նոյեմբերի 18-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ “ԱրմենՏել” ՀՁ ՓԲԸ-ի կողմից գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով ներկայացված հայցի քննությունը: Չնայած այն հանգամանքին, որ “ԱրմենՏել”-ի ղեկավարությունը վերը նշված հայցով դիմել էր դատարան դեռ սույն թվականի նոյեմբերի 11-ին, սակայն դատական ծանուցագիրը “ԱրմենՏել” ընկերության Լրացուցիչ ծառայությունների (Ծրագրերի սպասարկման), Համակարգերի կառավարման, Ձեռնարկության Ինֆորմացիոն Համակարգերի զարգացման և շահագործման և Համակարգչային սարքավորումների սպասարկում ու շահագործում բաժինների կողմից ստեղծված միացյալ գործադուլային կոմիտեին հանձնվեց 2005թ.-ի նոյեմբերի 17-ին Ժամը 13-ի սահմաններում` այնինչ դատական նիստը տեղի է ունենալու 18.11.2005թ.-ի առավոտյան ժամը 11-ին: Այսինքն, միացյալ գործադուլային կոմիտեին ժամանակ չէր տրվում գործի նյութերին ծանոթանալու և իրավաբաններ փնտրելու համար: Ն ոյեմբերի 17-ին ժամը 16.00 սահմաներում միացյալ գործադուլային կոմիտեն դիմեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային` իրենց իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանքով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան բավարարեց միացյալ գործադուլային կոմիտեի խնդրանքը և նրանց տրամադրեց իրավաբաններ` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում միացյալ գործադուլային կոմիտեի իրավունքները անվճար հիմունքներով ներկայացնելու համար: Բացի այդ` պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ այսուհետև բոլոր անհրաժեշտ հարցերում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան միացյալ գործադուլային կոմիտեին կցուցաբերի իրավաբանական, այդ թվում` փաստաբանական օգնություն: Միացյալ գործադուլային կոմիտեի ներկայացուցիչներ` փաստաբան Լիանա Հարությունյանը և իրավաբան Գևորգ Գյոզալյանը դատարանին ներկայացրեցին գրավոր առարկություններ` “ԱրմենՏել”-ի ղեկավարության կողմից բերված հայցը անհիմն համարելու և մերժելու մասին, քանի որ հայցվոր կողմից գործադուլն անօրինական ճանաչելու պահանջ է ներկայացվել դատարան, մինչդեռ պատասխանողի կողմից գործադուլ չի արվել, այլ ընդամենը կազմակերպվել է նախազգուշական գործադուլ: Հայցադիմումի դեմ բերված առարկություններում վկայակոչվել էր ոչ միայն ներպետական օրենսդրությունը, այլև միջազգային իրավական փաստաթղթերն ու փորձը: Սակայն դատարանը, քննելով գործը, բավարարեց “ԱրմենՏել”-ի ղեկավարության կողմից ներկայացված անօրինական պահանջը:
Զավեշտալին այն է, որ դատավոր Գոռ Հակոբյանը իր աշխատասենյակում անցկացրեց ընդամենը 10 րոպե, որի ընթացքում հասցրեց գնահատել ապացույցները, որոշել, թե տվյալ գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, որոշել տվյալ գործով կիրառման ենթական օրենքները և այլ իրավական ակտերը` այդ թվում միջազգային իրավական փաստաթղթերն ու փորձը, կայացրեց “օրինական և հիմնավորված” վճիռ և այնուհետև հրապարակեց այն: Մնում է զարմանալ, թե այս տաղանդաշատ երիտասարդը, որը հասցրեց վերը թվարկվածը անել ընդամենը 10 րոպեի ընթացքում, առաջխաղացման համար ինչու՞ չի նկատվում համապատասխան իրավասու մարմինների կողմից:
Միացյալ գործադուլային կոմիտեն որոշել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը, օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում, բողոքարկել ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
Պետք է նաև ավելացնել, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբանների ճանապարհները առաջին անգամ չէ, որ խաչվում են: 2005թ.-ի ապրիլի 8-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ քննվեց քաղաքացիական գործն ըստ հայցի` Գայանե Մուրադյանի ընդդեմ Թամարա Ղազարյանի` ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգի` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Սույն գործով պատասխանող անկողնային հիվանդ, կենսաթոշակառու Թամարա Ղազարյանի շահերը ներկայացնում էր Գևորգ Գյոզալյանը: Դատավոր Գոռ Հակոբյանը, դատաքննության ընթացքում ակնհայտ կերպով ցուցաբերելով ոչ անաչառ մոտեցում, դատաքննությունը ավարտեց 10 րոպեում և միայն իրեն հատուկ կայծակնային արագությամբ հինգ րոպեի ընթացքում կայացրեց վճիռ` բավարարելով հայցվոր կողմի անօրինական պահանջը: Որպես պատասխանողի ներկայացուցիչ` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, իրավաբան Գևորգ Գյոզալյանը բողոքարկեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը և հասավ նրան, որ ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը` նախագահող դատավոր Աստղիկ Խառատյան և դատավորներ Տ. Սահակյան, Ա. Թումանյան կազմով, կայացրեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի կողմից կայացված վճռին տրամագծորեն հակառակ վճիռ հօգուտ ՀԵԻԱ անդամ, իրավաբան Գևորգ Գյոզալյանի վստահորդ, անկողնային հիվանդ, կենսաթոշակառու Թամարա Ղազարյանի:
Առաջիկայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պատրաստվում է դիմել ՀՀ արդարադատության նախարարին` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի նկատմամբ ՀՀ արդարադատության խորհրդում կարգապահական վարույթ հարուցելու հարցով և կլինի հետևողական, որպեսզի դատավոր Գոռ Հակոբյանը օրենքով սահմանված կարգով ՀՀ արդարադատության խորհրդի կողմից ենթարկվի կարգապահական պատասխանատվության:
“ԱրմենՏել”-ի ղեկավարության կողմից անօրինական պահանջը հասարակության լայն շերտերի համար մատչելի դարձնելու համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վեբ կայքում տեղադրվում է նաև “ԱրմենՏել”-ի ղեկավարության կողմից դատարան ներկայացված հայցադիմումի և Միացյալ գործադուլային կոմիտեի ներկայացուցիչներ` փաստաբան Լիանա Հարությունյանի և իրավաբան Գևորգ Գյոզալյանի կողմից հայցի դեմ բերված գրավոր առարկությունների էլեկտրոնային տարբերակները: Բոլոր շահագրգիռ իրավաբաններին այս հարցով հրավիրում ենք մասնագիտական քննարկումների` հավաստելով, որ բոլորի կարծիքները առանց փոփոխությունների կտեղադրվեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական վեբ կայքի համապատասխան էջում: