Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը Հայաստանում

2005թ.-ի դեկտեմբերի 9-ից 14-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը անցկացվեց “Միջնորդ դատավարություն ուսուցում” խորագիրը կրող դասընթացը, որը կազմակերպվել էր “Միջնորդ քննության և միջնորդ դատարանի զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Եվրասիա հիմնադրամի և ABA/CEELI-ի աջակցությամբ: Ուսուցման մասնակիցների շարքում ընդգրկվել էին ՀԵԻԱ մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչներ և ՀԵԻԱ անդամներ, Հայաստանում գործող իրավաբանական ընկերությունների և միջնորդ դատարանների ներկայացուցիչներ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, ՀՀ արդարադատության նախարարության, ԶԼՄ-ների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչներ: Հնգօրյա ուսուցումը անցկացվում էր ինտերակտիվ մեթոդով և ընդգրկում էր դերախաղեր, քննարկումներ ու գործնական աշխատանքներ: Որպես դասավանդողներ հրավիրվել էին միջազգային փորձագետներ Թերրի Սպիգելմայերը և Մարիա Ռոզարիա Բրիզի Քլեմենտեն, ABA/CEELI-ի ներկայացուցիչ Էրիկա Սիմփսոնը և ՀԵԻԱ փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը: Ուսուցման ընթացքում դասավանդողները ներկայացրեցին միջնորդության բնագավառին վերաբերող ամերիկյան ու եվրոպական փորձը, անդրադարձան միջնորդ դատավարության գործընթացին ու հմտություններին: Ուսուցման վերջում մասնակիցները ստացան ավարտական հավաստագրեր, որը նրանց հնարավորություն կտա հանդես գալ որպես միջնորդ/հարթողներ: Ուսուցման կազմակերպումը կարևորվեց նրանով, որ այն հնարավորություն տվեց մասնակիցներին հաղորդակից դառնալ միջնորդության/հարթման բնագավառի միջազգային փորձին, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ, ինչը իր հերթին ևս մի քայլ է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման գործում: