Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, շարունակելով նոր սերնդի իրավաբանների գիտակրթական մակարդակի բարձրացմանն ուղղված գործունեությունը, այս տարի ևս կազմակերպելու է “Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլը և արդեն իսկ սկսել է նախապատրաստական միջոցառումները:
Մրցույթի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին երկօրյա սեմինարով, որն անցկացվեց օգոստոսի 4-ին և 5-ին, Ծաղկաձորում:
Սեմինարի նպատակն էր մի կողմից հայ իրավաբան-ուսանողներին ավելի մանրամասն ներկայացնել մրցույթը, մրցույթի պաշտոնական կանոնները, մյուս կողմից` ծանոթացնել նրանց մրցույթի` նախորդ տարիների մասնակիցների փորձին, համակել Ջեսափի մրցույթի ոգով, որն արդեն տարիներ շարունակ իր շուրջն է համախմբում բազմաթիվ իրավաբան-ուսանողների աշխարհի գրեթե բոլոր երկրներից:
Սեմինարին մասնակցում էին ինչպես իրավաբան-ուսանողներ հայաստանյան 18 բուհերից, այնպես էլ մրցույթի նախորդ տարիների դատավորներ, մասնակից թիմերի անդամներ, որոնցից ոմանք մասնակցել էին նաև մրցույթի միջազգային մրցափուլին, Հայաստանի Ջեսափի ակումբի անդամներ:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց մրցույթը, դրա ստեղծման պատմությունը, կազմակերպման ու անցկացման ընթացակարգերը, թիմային աշխատանքի կազմակերպման սկզբունքները: Մրցույթի նախորդ տարիների մասնակիցների կողմից Ջեսափի մրցույթում առաջին քայլերն անող ուսանողներին ներկայացվեց, թե ինչ դեր է խաղացել մրցույթն իրենց` որպես իրավաբանների կայացման համար, փոխանցվեց մրցույթի ընթացքում ձեռք բերված փորձը, հմտություններն ու ոգին, գրավոր աշխատանքների կազմման ու բանավոր ելույթների ընթացքում կիրառվող մեթոդները:
Սկսնակ ջեսափականներին իրենց խորհուրդներն ուղղեցին նաև մրցույթի նախորդ տարիների դատավորները, որոնք մեծ նշանակություն կունենան մրցույթին առաջին անգամ մասնակցող ուսանողների համար: Մրցույթի դատավորներն իրենց ելույթներում մասնավորապես անդրադարձան մրցույթի պաշտոնական կանոններով սահմանված, գրավոր և բանավոր մրցափուլերին ներկայացվող պահանջներին` նշելով, թե դատավորի տեսանկյունից դրանցից որոնք են արժանի առավել ուշադրության և ինչպես պետք է բավարարել այդ չափանիշներին:
Սեմինարին հրավիրված էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան hասարակայնության կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտը: Պարոն Միթնախտը հանդես եկավ ելույթով, որում ողջունելով մրցույթի կազմակերպումը Հայաստանում` կարևորեց առաջին հերթին զուտ մասնակցությունը, հատկապես մարզային բուհերի իրավաբան-ուսանողների, քանի որ մրցույթին մասնակցությունը լավ հնարավորություն է ձևավորվելու որպես հմուտ իրավաբաններ և աջակցելու երկրում ժողովրդավարության կայացմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ դեսպանատունն աջակցում է մրցույթի կազմակերպմանը, քանի որ այն կօգնի մասնակիցներին պատրաստվելու որպես որակյալ իրավաբաններ և ձեռք բերել փորձ միջազգային իրավունքի բնագավառում:
Բացի մրցույթի վերաբերյալ ուսուցողական բնույթի տեղեկատվություն ստանալուց, մասնակիցները հնարավորություն ունեցան նաև շփվելու անկաշկանդ միջավայրում և հանգստյան օրերն անցկացնելու հաճելի և հետաքրքիր մթնոլորտում: