ՀՀ-ում կանանց քաղաքական մասնակցության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ սեմինար

2008թ.-ի մարտի 7-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի գրասենյակում ացկացվեց ՀՀ-ում կանանց քաղաքական մասնակցության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ սեմինար-քննարկում: Սեմինարը կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող “Իրավաբանական օգնության և տեղեկատվության օժանդակություն” ծրագրի շրջանակներում: Սեմինարը վարում էր ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար փաստաբան Արշավիր Խալափյանը: Սեմինարին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և իրավաբանական բուհերի ներկայացուցիչներ, իրավաբան-ուսանողներ և այլոք:
Քննարկման սկզբում ներկաների ուշադրությանը ներկայացվեցին գործող ՀՀ Ընտրական օրենսգրքի և “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնք խոցելի էին դարձնում կանանց քաղաքական մասնակցությունը: Այնուհետև մասնակիցները վերլուծեցին ներկայացված հոդվածները և եկան այն համոզման, որ վերոնշյալ հոդվածները անհրաժեշտ է բարելավել` կատարելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Վերջիններիս վերաբերյալ սեմինարի մասնակիցների կարծիքներն, առաջարկությունները գրառվեցին և համապատասխան մշակումից հետո դրանց հիման վրա ՀԵԻԱ-ի կողմից կպատրաստվի և ՀՀ Ազգային Ժողով կներկայացվի ՀՀ Ընտրական օրենսգրքի ու “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի կանանց քաղաքական մասնակցությունը խթանող փոփոխությունների օրենսդրական բարեփոխումների փաթեթ: