Երիտասարդների առաջին հանդիպումը ՀՀ նորանշանակ Վարչապետի հետ

2008 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ` Տիգրան Սարգսյանի հետ: Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում երիտասարդներն իրենց հուզող հարցերն էին ուղղում ՀՀ Վարչապետին` հասարակական կյանքի տարբեր բնագավառներից: Հանդիպման սկզբում ՀՀ Վարչապետը ներկայացրեց 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագիրը և դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ նոր ձևավորված Կառավարության մտածելակերպը և գաղափարները: Քննարկման ընթացքում բավականին ժամանակ հատկացվեց կրթական համակարգի բարեփոխումներին, մասնավորապես` ՀՀ Կառավարության կողմից ուսանողներին ընձեռնվելիք հնարավորույթուները արտասահմանում կրթություն ստանալու համար: Ներկաների կողմից մեծ արձագանքի արժանացավ նաև ՀՀ Կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ծրագիրը:
Քննարկմանը մասնակցում էին ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-ից, աշակերտներ տարբեր դպրոցներից և ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություններից: Հանդիպմանը մասնակցելու հրավերք էր ստացել նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան Ուսանողների Բաժանմունքը, որը ներկայացնում էր Սյուզաննա Սողոմոնյանը:
Քննարկման ընթացքում ներկաների կողմից առաջ քաշված բոլոր հարցերին տրվում էին բավականին հետաքրքիր լուծումներ: Հանդիպումը անցնում էր ակտիվ և աշխույժ մթնոլորտում: