2008 թվականի հոկտեմբերի 1-ից ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղը սկսել է իրականացնել Ամերիկայի միացյալ նահանգների միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից ֆինանսավորված “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագիրը, որի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն: Ծրագրի շրջանակներում կենտրոնի իրավաբանները և փաստաբանները հասարակությանը կոռուպցիոն բողոքներով և գործերով մատուցելու են անվճար իրավաբանական ծառայություններ:
Սույն թվականի հոկտեմբերի 2-ին Իջևանի ՇՊԱԿ-ում, կենտրոնի նորանշանակ իրավաբանները հանդիպեցին EDF Communications ընկերության նախագահ պրն Էրիկ Դե Լա Ֆունտեյի և ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի իրականացնող “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության ներկայացուցիչներ, ծրագրի հաղորդակցության մասնագետ պրն Արա Բրուտյանի և ծրագրի համակարգող պրն Սերգեյ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀԵԻԱ կողմից իրականացվող ծրագրի ղեկավար պրն Արտակ Սարիբեկյանը և ծրագրի ֆինասական միջոցների հայթայթման համակարգող պրն Էդուարդ Մանուկյանը:
Հանդիպման նպատակը “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության կողմից իրականացվող ընդհանուր ծրագրի գովազդային պաստառի և ծրագիրը ներկայացնող ազդագրի և տեղեկատվական թերթիկի նախագծման ու բովանդակության քննարկումն էր:
Հանդիպման սկզբում “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության ներկայացուցիչները կենտրոնի աշխատակիցներին ներկայացրեցին ծրագրի ընդհանուր նպատակներն ու խնդիրները: Այնուհետև պրն Էրիկ Դե Լա Ֆունտեն խոսեց գովազդի և տեղեկատվական թերթիկում ներառվող խորհրդանիշների և տեղեկատվության ճիշտ ու տեղին ընտրության կարևորության և նպատակայնության, ինչպես նաև իր կազմակերպության համապատասխան փորձի մասին:
Իջևանի հակակոռուպցիոն կենտրոնի ավագ իրավաբան պրն Վահագն Թամրազյանը, իրավաբաններ Նաիրա Ասոյանը, Տաթևիկ Դովլաթբեկյանը և կենտրոնի քարտուղար Արամ Գասպարյանը ներկայացրեցին իրենց նկատառումներն ու առաջարկները:
Հանդիպման մասնակիցները որոշեցին մշակել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, և դրանք ներկայացնել հոկտեմբերի 15-ին “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության երևանյան գրասենյակում կայանալիք, ծրագիրն իրականացնող բոլոր կենտրոնների աշխատակիցների հանդիպման ժամանակ: