2008 թվականի հոկտեմբերի 1-ից ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղը սկսել է իրականացնել ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրի կողմից ֆինանսավորված “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագիրը, որի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն: Ծրագրի շրջանակներում կենտրոնի իրավաբանները և փաստաբանները հասարակությանը կոռուպցիոն բողոքներով և գործերով մատուցելու են անվճար իրավաբանական ծառայություններ:
Կենտրոնի բացման առիթով ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների բաժանմունքը` կազմակերպության մի խումբ անդամների և աշխատակիցների հետ սույն թվականի նոյեմբերի 2-ին այցելեցին ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի նորաբաց գրասենյակ: Մասնաճյուղի ղեկավարության և գրասենյակի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում ներկաների միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում մասնաճյուղի գործունեության, մասնավորապես “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագրի խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների մասին, ինչպես նաև մասնաճյուղի կողմից ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Այնուհետև միջոցառման մասնակիցների կողմից Իջևանի բնակիչներին բաժանվեցին տեղեկատվական բնույթի թերթիկներ` Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնում կոռուպցիոն բողոքներով և գործերով անվճար իրավաբանական ծառայություններ ստանալու հնարավորության մասին, ինչպես նաև` ՀԵԻԱ-ի կողմից նախկինում հրատարակված 50 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակիչները տեղեկացան իրենց իրավունքների մասին և դրանց խախտումների դեպքում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի մասին:
Այդ օրը միջոցառման մասնակիցները Տավուշի մարզպետարանում հանդիպեցին նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալի կողմից ներկայացվեց Տավուշի մարզի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, այդ թվում մարզում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Հանդիպումն անցավ ջերմ և փոխարդյունավետ միջավայրում: Մարզպետի տեղակալը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին:
Հանդիպման ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց 2002թ.-ից սկսած ասոցիացիայի կողմից ՀՀ Տավուշի մարզում իրականացված ծրագրերը, ինչպես նաև` ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից արդեն սկսված ու ընթացքի մեջ գտնվող “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագիրը:
Նույն օրը ՀԵԻԱ-ի մշակութային ակումբի նախաձեռնությամբ միջոցառման մասնակիցները այցելեցին Հաղարծնի վանք, Գոշավանք և Սևանա թերակղզի:
Միջոցառումը անցավ հագեցած օրակարգով, անմիջական ու ջերմ միջավայրում` թույլ տալով ներկաներին շփվել միմյանց հետ, լավ ժամանակ անցկացնել և հաճույք ստանալ: