Սույն թվականի հոկտեմբերի 1-ից ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղը սկսել է իրականացնել ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրի կողմից ֆինանսավորված “Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն” ծրագիրը, որի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն:
2008 թվականի նոյեմբերի 7-ին ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի նորաբաց գրասենյակի աշխատակիցները, ծրագրի պատասխանատուները և ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի իրականացնող “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության ներկայացուցիչներ` ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու, պրն Վենցիսլավ Կարաջովը և դրամաշնորհների գծով ղեկավար, տիկ. Նաիրա Գյուլնազարյանը հանդիպեցին ՀՀ Տավուշի մարզպետ պրն Արմեն Ղուլարյանի հետ:
Հանդիպման սկզբում ՀԵԻԱ և “Կասալս էնդ Ասոշիեյթս” Ինք. ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագրի ընդհանուր խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև Իջևանի գրասենյակի դերը ծրագրի իրականացման գործում:
Պրն Ղուլարյանը ողջունեց ծրագիրը նշելով դրա կարևորությունը և նկատեց, որ այդպիսի ծրագրերի իրականացումը հատկապես անհրաժեշտ է հեռավոր և սահմանամերձ մարզերում: Մարզպետը նաև կարևորեց այն հանգամանքը, որ ծրագրում հաշվի է առնվել տվյալ տարածաշրջանին հատուկ կոռուպցիոն ռիսկերը, ինչը չափազանց կարևոր է նմանատիպ ծրագրեր իրականացնելիս: Պրն Ղուլարյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով մարզի բնակչության տնտեսական և սոցիալական ինչպես նաև նրանց իրավական տեղեկացվածության ցածր մակարդակին: Նշվեց նաև, որ ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզում կարող է զգալի առաջընթաց գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Մարզպետը նաև առաջարկեց կենտրոնի հենակետեր ստեղծել մարզի հեռավոր և սահմանամերձ համայնքներում: Մարզի ղեկավարը բարձր գնահատելով ՀԵԻԱ-ի հետ կազմակերպության կողմից մարզում իրականացրած ծրագրերի շրջանակներում իրենց համագործակցության նախկին փորձը պատրաստակամություն հայտնեց իր իրավասության տակ եղած միջոցներով օժանդակել ծրագրի իրականացման գործընթացին:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխշահավետ և արդյունավետ համագործակցության վերաբերյալ: