Սույն թվականի նոյեմբերի 19-20-ը Թբիլիսիում կայացավ “Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար” խորագրով խորհրդաժողովը` կազմակերպված Եվրոպայի Խորհրդի կողմից Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավաբաններ: Մասնակիցների թվում էր նաև Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել Հարավ-Կովկասյան երեք երկրներում` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացված դատաիրավական բարեփոխումները, քննարկել արդարադատության ոլորտի հիմնական տարրերը և աջակցել օրենքի գերակայության հաստատմանը:
Երկու աշխատանքային խմբերի կողմից քննարկվեցին դատական համակարգի մասնագետների վերապատրաստման` որպես արդարադատության անկախության և արդյունավետության երաշխիքի կարևորությունը և արդարադատության մատչելիությանը վերաբերող հարցերը և կազմվեցին համապատասխան եզրահանգումներ:
Խորհրդաժողովի ավարտին կազմվեց Եզրակացություն, համաձայն որի բացառապես օրենքի գերակայության սկզբունքի ապահովման պարագայում կարել է հասնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորված պաշտպանության և որ այդ խնդրի լուծման անկյունաքարը կարող է հանդիսանալ անկախ ու անաչառ, հասարակության վստահությունը վայելող դատական համակարգը: