Տեղի ունեցավ “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստան” ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստը

2008թ.-ի դեկտեմբերին 10-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստան” ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 10-րդ հատկացման հայտը ևւ կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է տարեկան հաշվետվությունը, ամփոփ եռամսյակային հաշվետվությունն ու ցուցանիշների վերահսկման աղյուսակը, հատկացման նախապայմանների, գնումների կատարման հաշվետվությունները, գնումների և աշխատանքային պլանները: “ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 10-րդ հայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (հունվար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 6 մլն 811.305 հազար ԱՄՆ դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 7 մլն 109.153 ԱՄՆ դոլար:
Ըստ “ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի, 10-րդ հատկացման հայտով ծախսերը կուղղվեն Գյուղական ճանապարհների վերականգնում, Ոռոգվող գյուղատնտեսություն, Մոնիտորինգ և գնահատում, Ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաեւ, որ ընթացիկ կանխատեսման տվյալների համաձայն, Գյուղական ճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669.871 հազար (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ ծրագրի փաստացի և կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 081.321 հազար ԱՄՆ դոլար:
Հատկացման հայտը “ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի “Հազարամյակի մարտահրավեր” կորպորացիայի հավանությանը:
Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է “Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամ-Հայաստան” ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում “6 մայր ջրանցքների վերականգնում (փաթեթ 1)” պայմանագրի նախագիծը ևս:
Խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել “ՀՄՀ-Հայաստան” ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի 2-րդ փուլի իրականացման նպատակների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հիշյալ բաղադրիչի վարկային գործունեության իրականացման “Վարկային ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը” ուղեցույցը:
“ՀՄՀ-Հայաստան” ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրեց շահառուների խորհրդի դիրքորոշումը, ըստ որի առաջարկեց նոր բարելավումների կիրառմամբ շարունակել վարկային բաղադրիչի աշխատանքերի իրականացումը կամ հետաձգել հարցի քննարկումը: Ի վերջո կառավարման խորհուրդը ընդունելով շահառուների խորհրդի առաջարկությունը որոշեց նոր բարելավումների կիրառմամբ շարունակել վարկային բաղադրիչի աշխատանքերի իրականացումը` մեկ շաբաթ ժամանակ տրամադրելով ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանին հարցը վերջնական նախապատրաստելու և ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացնելու համար: