Հայտնի է “2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան 9-րդ մրցափուլի հաղթող թիմը

Ավարտվեց “2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան 9-րդ մրցափուլը, որը կազմակերպել են, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար:
“2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի թեման վերաբերում է “Ապաստանի տրամադրում գործողության” առնչությամբ ծագած տարաձայնություններին:
2009թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 7-ին և 8-ին: Մրցույթի չորս նախընտրական և կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ բուհերի իրավաբանական ֆակուլտետները ներկայացնող թիմեր, որոնցից մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին հինգը` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պատական համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնող թիմերը:
Եզրափակիչ մրցափուլի ավարտին մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին եզրափակիչ մրցափուլի դատավորներ Նելլի Հարությունյանը, Նազելի Վարդանյանը, Իրինա Խառատյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանը, ինչին հաջորդեց մրցանակաբաշխությունը:
2009թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղե մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը ներկայացնող թիմը:
Մրցույթի բոլոր չորս նախընտրական մրցափուլերի, ինչպես նաև մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը:
Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող և պատվավոր երկրորդ տեղը գրաված թիմերին և լավագույն բանախոսին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: Մրցույթը լուսաբանվեց ԶԼՄ-ների միջոցով:
Համոզված ենք, որ այս տարի ևս մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին` երիտասարդ սերնդի իրավաբան-ուսանողների` միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, փաստաբանական գրավոր ու բանավոր հմտությունների ձեռքբերմանը:
Հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը կներկայացնի Հայաստանը մրցույթի միջազգային մրցափուլին, որը կկյանա սույն թվականի մարտի 22-28-ը, Վաշինգթոնում: