2004թ.-ի թվականի նոյեմբերի 25-ին Երևանում, Թեքեյան կենտրոնում առաջին անգամ տեղի ունեցավ «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանի գրասենյակը և «Բուկինիստ» գրատունը:
Գիտաժողովի նպատակն էր սահմանադրական իրավունքի բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց քննադատական երկխոսություններ իրականացնել ՀՀ գործող Սահմանադրության և շրջանառության մեջ գտնվող նախագծերի վերաբերյալ: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` 2004թ.-ի հոկտեմբերի 22-ին, գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 22 ուսանողներ` ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 22 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 11-ը£ Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 5 լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն, իրավունք ատացան, որպես զեկուցողներ մասնակցել գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին: Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ, հրավիրվեցին ճանաչված իրավաբաններ: Գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստարտուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Նորա Կարապետյանը, որը հաղթեց նաև գիտաժողովի գրավոր փուլում: Գիտաժողովի բանավոր փուլի հաղթող ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղարաջյանը, իսկ գիտաժողովի հատուկ մրցանակի արժանացավ Հրաչյա Աճառյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Խաչիկ Հարությունյանը: Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների: Գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով հրատարակվել է գրքույկ, որը անվճար հիմունքներով տարածվել է երիտասարդ իրավաբանների շրջանում: