Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ակտիվորեն մասնակցում է ՀՀ քաղաքացիական ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին

2004թ.-ի փետրվարի 24-ին, “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով, ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար ՀՀ Արդարադատության նախարարությունում անցկացվեց մրցույթ, որին որպես քննող հանձնաժողովի անդամ մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Լիանա Հարությունյանը:
Մրցույթը կայացավ երկու փուլով` առաջինը գրավոր թեստավորման միջոցով, իսկ երկրորդը` հարցազրույցի: Մրցույթին մասնակցեցին 2 դիմումատու, որոնցից երկուսն Էլ թեստավորման արդյունքում հավաքելով հնարավոր միավորների 96.7%-ը, անցան հարցազրույցի փուլ: Հարցազրույցի փուլը ավարտվեց գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում մրցույթի մասնակիցներից մեկը ճանաչվեց մրցույթի հաղթող: Այնուհետև հանձնաժողովի կողմից կազմվեց եզրակացություն, որը ստորագրեցին հանձնաժողովի բոլոր անդամները և այն հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին: