Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շարունակում է պաշտպանել փախստականների իրավունքները

2003թ.-ի ապրիլի 21-ին ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղ էին դիմել թվով 14 փախստականների ընտանիքներ` “Բարի ծիծեռնակ” ԲԲԸ-ի պանսիոնատից վտարման հետ կապված անհրաժեշտ իրավաբանական օգնություն ստանալու հարցերով: Վերը նշված ընտանիքները Ադրբեջանից բռնագաղթելուց հետո բնակություն են հաստատել “Բարի ծիծեռնակ” ԲԲԸ-ի պանսիոնատում, որը 1999թ.-ին մասնավորեցվել էր: ՀՀ Պետական գույքի կառավարման նախարարության և “Բարի ծիծեռնակ” ԲԲԸ-ի միջև կնքված մասնավորեցման պայմանագրի 5-րդ կետում պայման է դրվել, ըստ որի սեփականատերը պետք է երկու տարվա ընթացքում փախստականներին տրամադրեր ժամանակավոր բնակության կացարաններ: Սակայն “Բարի ծիծեռնակ” ԲԲԸ-ն չէր կատարել իր պարտավորությունը և փախստականներին վտարելու պահանջով դիմել էր դատարան: Սույն գործի քննությունը անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր երեք ատյաններով: 04.09.2003թ.-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը կայացրել է վճիռ, որով պարտավորեցրել է ՀՀ Կառավարությանը առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությանը փախստականներին հատկացնել այլ բնակելի կացարաններ և փախստակնների վտարումը իրականացնել միայն համապատասխան բնակելի կացարաններ հատկացնելուց հետո: 12.12.2003թ.-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը վճիռը թողել էր անփոփոխ: “Բարի ծիծեռնակ” ԲԲԸ-ը վճռի կատարումը և կատարման կարգը փոփոխելու պահանջով 2004թ.-ի մարտի 30-ին դիմել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: 09.04.2004թ.-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ սույն գործի քննության առաջին դատական նիստը, որի ընթացքում փախստականների իրավունքները պաշտպանում էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` ասոցիացիայի անդամ, փաստաբան Բ.Սահրադյանի միջոցով: Դատական նիստի ընթացքում Բ.Սահրադյանը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին միջնորդեց ՀՀ Կառավարությանը առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությունից անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու և եռակողմ հաշտության համաձայնություն կնքելու նպատակով հետաձգել դատական գործի քննությունը: Բ.Սահրադյանի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց 19.04.2004թ.-ին: