2004թ.-ի հունիսի 14-ից 20-ը Կիև քաղաքում Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության “ԱՊՀ երկրներում կազմակերպությունների զարգացում” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց, որին մասնակցեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներ Արտյոմ Փիլոյանը, Ռոբերտ Գրիգորյանը և Միհրան Գալստյանը: ԱՊՀ երկրներից ծրագրին մասնակցում էին նաև “Ղրղզստանի իրավաբաներ” ասոցիացիան (Ղրղզստան), “ԷՔՈ-ԼԵՔՍ” (Մոլդովա) և “ԷՔՈՊՌԱՎՈ-ԼՎՈՎ” (Ուկրաինա) կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հասարակական կազմակերպությունների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որոնց առկայության դեպքում կազմակերպությունները կկարողանան գնահատել ԱՊՀ այլ երկրի նույն բնագավառում գործող մեկ այլ կազմակերպության ազդեցության աստիճանը տվյալ երկրի իրավական բարեփոխումների վրա: Հասարակական կազմակերպությունների գործունեության փոխադարձ գնահատման արդյունքում յուրաքանչյուր կազմակերպություն կստանա իր երկրում իրականացվող իրավական բարեփոխումների գործընթացում սեփական ազդեցության աստիճանի գնահատման վերաբերյալ հաշվետվություն, որի արդյունքում տվյալ կազմակերպությունը կարող է քայլեր ձեռնարկել իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Դասընթացի ընթացքում մասնակիցները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստացան գնահատման մեթոդների և մեխանիզմների վերաբերյալ: Նկատի ունենալով նախկինում գնահատում անցած կազմակերպությունների փորձը, ներկայացվեցին նաև հնարավոր դժվարությունները ու սխալները, բացառելու համար դրանց կրկնումը ապագայում: Նախնական պայմանավորվածություններ ձեռքբերվեցին նաև փոխադարձ այցելություների ժամանակացույցի վերաբերյալ, ինչպես նաև մշակվեց գործողությունների պլան, ըստ որի նախատեսվում է, որ 2004թ.-ի հոկտեմբերին “Ղրղզստանի իրավաբաններ” ասոցիացիայի պատասխանատուները կայցելեն Երևան և կգնահատեն Հայաստանի իրավական ռեֆորմների վրա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ազդեցության աստիճանը: Այնուհետև նոյեմբերին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամները կայցելեն Ղրղզստան և կգնահատեն Ղրղզստանի իրավական ռեֆորմների վրա “Ղրղզստանի իրավաբաններ” ասոցիացիայի ազդեցության աստիճանը:
Ծրագրի մասնակիցները ակնկալում են, որ ծրագրի շրջանակներում իրկանացվելիք գործողությունները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպությունների զարգացմանը: