ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Այսօր «Գոլդեն Թուլիփ» Երևան հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների զեկույցի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան, ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը, ովքեր հանդես եկան բացման խոսքով։
Ինչպես նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, մոնիթորինգի նպատակը նոտարական ծառայությունների մատուցման ոլորտում հնարավոր բացերի և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումն է: Ներկա էին նաև Նոտարական պալատի անդամներ՝ նոտարներ, ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարը, ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներ, մի շարք միջազգային ու հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներ, ծրագրի դիտորդներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք։
Արմեն Գևորգյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ մոնիթորինգային ծրագրերի իրականացումը՝ առանձնացնելով «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագիրը՝ որպես նմանատիպ մոնիթորինգներից առաջինը։ Նա նշեց, որ մոնիթորինգն իսկապես բազմակողմանի է եղել, քանի որ մոնիթորինգի են ենթարկվել նոտարական ոլորտին վերաբերող բոլոր ասպեկտները՝ սկսած շենքային պայմաններից մինչև ծառայությունների մատուցման որակ, քաղաքացիների կարծիք և օրենսդրական կարգավորում։ Արմեն Գևորգյանը նշեց, որ ծրագրի զեկույցում ամփոփված օրենսդրական առաջարկությունների մի համախումբ ներառվել է կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթում։
«Օրենսդրական նախաձեռնությունները, երբ զուգակցվում են հասարակական կարծիքի բացահայտման հետ, դառնում են ավելի հիմնարար և արդյունավետ»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` ավելացնելով, որ ակնկալում է գրանցված թերությունների վերացում:
Կարել Հոֆստրան ողջունեց ծրագիրը՝ շնոհակալություն հայտնելով ՀԵԻԱ-ին կատարված աշխատանքի համար։ Ալվարդ Մելքոնյանը իր խոսքում նշեց, որ շնորհակալ է կատարված աշխատանքի համար և դիմելով ՀՀ փոխվարչապետին՝ ասաց, որ ՀՀ նոտարական պալատը խնդիրներ ունի փաստաթղթերի արխիվացման հետ, և խնդրում է փոխվարչապետի օժանդակությունն այդ հարցում։
Այնուհետև ծրագրի ղեկավարի օգնական Մ. Եղիազարյանի, ծրագրի սոցիոլոգ Ա. Մկրտիչյանի և ծրագրի իրավաբան-փորձագետ Դ. Աբգարյանի կողմից ներկայացվեցին համապատասխանաբար ծրագրի նպատակները, մոնիթորինգի իրականացման մեթոդները, մոնիթորինգի արդյունքները, օրենսդրական վերլուծությունն ու բարեփոխման առաջարկությունները։
«ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի իրականացման գաղափարը Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի ղեկավարությանն է ներկայացվել Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի կողմից գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ու ընդունարանների կողմից, որոնց հետ անմիջական ու սերտ մասնակցությամբ Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիան իրականացրել է այն: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ‎ֆինանսական աջակցությամբ: