ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ` ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՕՐՎԱՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը սույն թվականի օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ի ‎ֆինանսական օժանդակությամբ իրականացնում է “ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում” ծրագիրը, որի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության է արժանանում հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը: Այս կապակցությամբ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ 2011թ.-ի դեկտեմբերի 9-ին և 10-ին Գրողների Ծաղկաձորի Ստեղծագործական տանը կազմակերպել է արտագնա միջոցառում` նվիրված միջազգային հակակոռուպցիոն օրվան: Բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրագերը, ՀՀ Գլխավոր դատախազության տեղակալ Արմեն Դանիելյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Օրվա խորհրդին ընդառաջ այս տարվանից սկսված ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է “Տարվա քաղաքացի” մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմի մեջ մտնող Կոտայքի ՇՊԱԿ-ի իրավական օգնության շնորհիվ 2011թ.-ին կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները: Այնուհետև, ՀՀ Գլխավոր դատախազի շնորհակալագրերով պարգևատրվեցին Երևանի ՇՊԱԿ-ի համակարգող Մարատ Ատովմյանը, Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նարիա Առաքելյանը և Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի համակարգող Արփինե Բաղդոյանը`ՀՀ դատախազության հետ համագործակցելու և կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար: Շնորհակալագրերը հանձնվեցին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի կողմից, ով նաև ՀՀ Գլխավոր դատախազի անունից շնորհավորելով ՇՊԱԿ-ների ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտեց ՇՊԱԿ-ների ազգային ցանցին` կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն համագործակցելու համար, ավելացնելով, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայումս կարիք ունի այնպիսի կառույցների, որոնք կօժանդակեն և կհամագործակցեն` կոռուպցիայի դեմ պայքարում:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից նույնպես շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին և ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին` ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ: Ցանցի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրագերին և նույն բաժնի ներկայացուցիչ Արև Մովսիսյանին` ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կայացման և զարգացման գործում ցուցաբերած անշահախնդիր օժանդակության համար, հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ:
Միջոցառման շրջանակներում Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանի կողմից ներկայացվեց ՀՀ-ում գրանցված Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալները:
Միջոցառման շրջանակներում ընդգրկված է նաև հակակոռուպցիոն բնույթի տարբեր ուսուցումներ, ինչպես նաև հատուկ տեղ է հատկացված ՇՊԱԿ-ների և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների միջև առկա աշխատանքային խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների համատեղ մշակմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից, ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներից, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից, ՇՊԱԿ-ների ազգային ցանցից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԶԼՄ-ներից: