Կոռուպցիան բիզնեսում նվազեցնելու համար նախ և առաջ պետք է այդ մասին խոսել: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Աղվերանում մեկնարկած՝ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովի ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
«Եթե չբարձրաձայնվեն խնդիրները, դրանք իրենց լուծումները չեն ստանա: Այս առումով մենք ողջունում ենք այն բիզնես կազմակերպություններին, որոնք սկսել են խնդիրները վեր հանել ու դրանք պատկան մարմիններին ներկայացնել, քանի որ այդ գործողությունից հետո միայն հնարավոր է դրանց լուծումներն առաջարկել»,- ասաց պարոն Զադոյանը:
Բիզնեսի ինքնամաքրման գործընթացը կամ այս ոլորտի ներքին կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը մեր երկրի համար առաջնային հիմնախնդիրներից մեկն է: Աշխատաժողովի մասնակիցներին վստահեցնում էր արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքերով՝ այս ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներից առաջին հերթին տուժում է հենց պետությունը. «Պետությունը պատրաստակամ է և ջանքեր չի խնայում, որ բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս նվազեն ու տնտեսությունը մրցակցային լինի: Հաճախ այս խնդիրների մասին չեն խոսում, սա երկրորդ հանդիպումն է բիզնեսի հետ, նախկինում միայն խոսվում էր հանրային ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին, հաճախ մենք մոռանում էինք խոշոր ձեռնարկությունները, ընկերությունները, մենք մոռանում էինք այն վնասները, որ կոռուպցիան հասցնում է ՓՄՁ-ին»,- նշեց պարոն Քրմոյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը իր խոսքում շեշտեց, որ այս խնդիրը ինչպես ԵԱՀԿ-ի, այնպես էլ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Նա ասաց, որ գրասենյակը աջակցում է քաղաքացիական հասարակությանը և պետական մարմիններին կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև կարևորում է հակակոռուպցիոն կրթությունը:
Կոռուպցիան հարվածում է հենց տնտեսության հիմքերին: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն գտնում է, որ կոռուպցիան սարսափելի երևույթ է, քանի որ այն խաթարում է արդարության սկզբունքները:
Բացի բարձրաձայնելուց բիզնես ընկերությունները պետք է նաև աջակցեն քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ կազմակերպություններին վեր հանելու խնդիրները: Հենց այս սկզբունքից ելնելով էր միջոցառումը համաֆինանսավորվել էր «Արթուրս Աղվերան Ռիզորթ» ընկերությունը. «Կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի գլխավոր ռազմավարական, եթե ոչ կարևորագույն միջոցառումը պետք է լինի: Կոռուպցիան արգելում է սոցիալ-տնտեսական զարգացումը: Այս արատի դեմ պայքարը մեր կառավարության գերխնդիրը պետք է դառնա»,- շեշտեց ընկերության հիմնադիր Սիրանույշ Կայծակյանը:
Հայաստանում իրավիճակը բավականին բարդ է: Նշեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա, հիմվելով ԹԻՀԿ-ի տվյալների վրա, նշեց, որ մեր երկրում կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է հանդիսանում. «Շատ կարևոր է բիզնես-պետություն հարաբերություններում կոռուպցիոն գործարքների և դրսևորումների նվազեցումը: Երբ մենք ավելի խորն ուսումնասիրում ենք կոռուպցիայի, այսպես ասած, անատոմիան, մենք տեսնում ենք, որ հիմնական այն գալիս է ընտրված տնտեսության մոդելից: Բնականաբար, եթե մենք ունենանք իսկապես ազատ շուկա և ազատ մրցակցություն, կարձանագրենք կոռուպցիայի նվազեցում»,- ասաց պարոն Հոկտանյանը՝ հավելելով, որ բոլոր երկրները, որոնք նվազեցրել են կոռուպցիան, դրան հասել են ազատ շուկայական հարաբերությունները խթանելու շնորհիվ:
Այնուհետև տեղի ունեցան զեկույցները: ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց «Կոռուպցիոն ռիսկերը և բարեխղճության հիմնախնդիրները հայաստանյան բիզնես կազմակերպություններում. դրանց վերահսկման կառուցակարգերը», եղան նաև այլ ելույթներ:
Քննարկումների ընթացքում բիզնես ընկերությունները բարձրաձայնում էին հարկային ոլորտում, ինչպես նաև այլ պետական մարմինների հետ աշատանքներում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:
Աշխատաժողովը կշարունակվի նաև դեկտեմբերի 11-ին, իսկ դրա արդյունքները Արդարադատության նախարարության միջոցով կներկայացվեն համապատասխան իրավասու մարմիններին:
Աշխատաժողովը կազմակերպվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:
Միջոցառումը իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Արթուրս Աղվերան Ռիզորթ» ընկերության համաֆինանսավորմամբ: