Ուսանող իրավաբանները լուծում են առևտրանավի վրա հարձակման խնդիրը

2005 թ.-ի փետրվարի 5-6-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի Հայաստանյան մրցափուլը, որը  հինգերորդ անգամ կազմակերպում էՀայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիան:

 

2005թ.-ի դատախաղ-մրցույթի թեման երկու պետությունների միջև առևտրանավի, նրա անձնակազմի եւ բեռան վրա ծովահենների հարձակման հետևանքով ծագած տարաձայնությունների մասին է: Քննարկվում է այն հարցը, թե ով է պատասխանատվություն կրում չեզոք ջրերում գտնվող կղզում առևտրանավի վրա կատարված հարձակման համար, որի հետեւանքով տեղի է ունեցել հեղուկ բեռան արտահոսք եւ կղզու շրջակա ջրերի աղտոտում:

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ-ից՝ աշխարհի շուրջ 80 երկրներում՝ Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և իրենից ներկայացնում է միջազգային իրավունքին նվիրված առավել տարածված և հարգի մրցույթ աշխարհում, որն անցկացվում է դատախաղի տեսքով: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի 300 բուհերի շուրջ 1600 ուսանողներ:

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը անց է կացվում տեղական և միջազգային մրցափուլերով: Մրցափուլերը բաղկացած են գրավոր և բանավոր փուլերից, որոնց ընթացքում իրավաբան ուսանողները հանդես են գալիս հայցադիմումներով: 2004 թ. Ազգային մրցափուլում հաղթանակած ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտին Վաշինգթոնում մասնակցեց միջազգային մրցափուլին և 94 երկրների ցուցակում գրավեց 52-րդ տեղը, իսկ անդրկովկասյան երկրների շարքում առաջինն էր  Այս տարի գրավոր փուլում գրանցված 14-ից հայցադիմումներ ներկայացրեցին 8 ԲՈՒՀ-երի թիմեր:

Մրցույթի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես մրցույթի դատավորներ, հրավիրվել են ճանաչված իրավաբաններ՝ միջազգային իրավունքի մասնագետներ, դատավորներ, փաստաբաններ: Բանավոր փուլում հաղթող թիմը 2005թ մարտի 28-ից ապրիլի 2-ը Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին:

Մրցութի հովանավորներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, ԱՄՆ դեսպանատունը, Ամերիկայի Հայ  Իրավաբանների Միությունը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը: Այս տարի ևս մրցույթին ներկա կգտնվեն ԱՄՆ դեսպանը,  այլ բարձրաստիճան հյուրեր և պաշտոնյաներ:

Տեղեկանք.«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀԵԻԱ, ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: ՀԵԻԱ հիմնական նպատակն է զարգացնել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես իրավական և ժողովրդավարական պետություն: Իր կանոնադրական նպատակների կատարման համար ՀԵԻԱ-ն իրականացնում է բազմազան ծրագրեր, այդ թվում՝ ուղղված իրավաբանական գիտելիքների զարգացմանն ու տարածմանը: 2000թ.-ից սկսած ՀԵԻԱ-ն կազմակերպում է «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը:   

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ` մրցույթի ազգային կառավարիչ Լուսինե Աբգարյանին հեռ. 540199; ֆաքս 580299; էլ.փոստ [email protected]; հասցե` Նալբանդյան 7,#2:

Կատարող՝ Մերի Եգանյան, հեռ. 540199; էլ.փոստ [email protected] :