«Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»

Սույն թվականի հուլիսի 15-ին, ժամը 10:00 Երևան հյուրանոցում տեղի կունենա «Դատական  համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀում»  թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական առաջին գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը:

 

Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի հետ համատեղ:

Գիտաժողովի նպատակն է բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը դատական համակարգի վերաբերյալ, հիմքեր ստեղծել դատաիրավական համակարգի բարեփոխումներին նրանց մասնակցությունը ապահովելու համար՝ որպես ապագա մասնագետներ: Իրավաբան ուսանողներն իրենց աշխատանքներում անդրադառնում են դատական համակարգում առկա և դատարանների գործունեության հետ կապված խնդիրներին, համապատասխան իրավական ակտերի թերություններին և բացթողումներին, ինչպես նաև ներկայացնում են իրենց կարծիքներն ու առաջարկություններն օրենդրության բարեփոխումների վերաբերյալ:

Գիտաժողովը կազմված է երկու՝ գրավոր և բանավոր փուլերից: Գրավոր փուլին հայտ ներկայացրած 13 իրավաբան ուսանողներից մասնակցեցին 6-ը, որոնք ս.թ. հուլիսի 15-ին իրենց գրավոր զեկույցները ներկայացրեցին կազմակերպիչներին: Իրավաբան ուսանողների զեկույցները գնահատվել են ճանաչված իրավաբանների ու փաստաբանների կողմից: Գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն՝ առավելագույն միավորներ հավաքած 5 զեկույցների հեղինակները կմասնակցեն բանավոր փուլին, որտեղ կներկայացնեն իրենց զեկույցները: Այս փուլը կգնահատվի ճանաչված իրավաբաններից կազմված ժյուրիի կողմից, իսկ հաղթողները կարժանանան արժեքավոր մրցանակների:

Գիտաժողովի հովանավորներն են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակը և «Բուկինիստ» գրատունը:

Տեղեկանք. Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը և փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական ԲՈՒՀ-երում և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքը ստեղծվել է 2004թ. ապրիլին: Այն նպատակ ունի խթանել իրավաբան ուսանողների ինքնակազմակերպումը, ինքնազարգացումը, մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը: Խթանում է իրավաբան ուսանողների կողմից հետազոտությունների, հոդվածների տպագրման, գիտաժողովների ու մրցույթների կազմակերպումը: ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքը ՀԵԻԱ-ի հետ համատեղ 2004թ.-ի մայիսին կազմակերպեց և անցկացրեց իրավաբան ուսանողների հանրապետական առաջին համանուն գիտաժողովը, որի լավագույն զեկույցները տեղ գտան «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» գրքույկում: Վերջինս անվճար բաժանվեց երիտասարդ իրավաբանների շրջանում:

Մենք պատրաստ ենք տրամադրել Ձեզ լրացուցիչ  տեղեկություն, որի համար կարող եք դիմել Գիտաժողովի կազմակերպիչներին, աշխատանքային օրերին ժամը 9.00-18.00: Հեռ. 540199; ֆաքս 580299; Էլ.փոստ [email protected],

URL https://www.ayla.am , https://www.lsd.ayla.am

Կատարող՝ Մերի Եգանյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]