Հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն. «Տարվա լրագրող» են «Արմքոմեդիի» տղաները

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ԵՄ ֆինանսավորմամբ կոռուպցիայի միջազգային օրվա առիթով այսօր իրականացրել է ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ողջույնի խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան եւ հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:

«2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարեւոր տարի էր, մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, մշակում ենք նոր հակակոռուպցիոն մարմնի կոնցեպցիա եւ հաստատելու ենք այդ մարմինը այս տարի».-իր խոսքում նշել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն իր խոսքում ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

Այնուհետեւ տեղի է ունեցել ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը: Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված են եղել 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություն:

Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին է արժանացել Հրաչյա Ավետիսյանը:

Կոռուպցիոն երեւույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացել են «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռեւիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար «Քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվել է ՀՀ Փաստաբանների պալատին:

https://www.armtimes.com/hy/read/57226