Հայաստանում Հակակոռուպցիոն կոալիցիա հիմնադրվեց

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում Հակակոռուպցիոն կոալիցիա հիմնադրվեց։

Ինչպես քննարկման ընթացքում նշեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:

Միջոցառման ընթացքում հաստատվեց 2014-2018թթ.–ի համար մշակված ծրագիրը։

«Ծրագրի շրջանակում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների դիտարկման և վերահսկողության կարողությունները, կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այնպես էլ ԶԼՄ-ների համար՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար», – ասաց Զադոյանը։

Նրա խոսքով` հանրային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու և հետաքննական ծրագրեր իրականացնելու նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Արդյունքում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-կառավարություն կայուն երկխոսություն։

Հակակոռուպցիոն կոալիցիան ֆինանսական աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից, որի տևողություն է լինելու 3 տարի, իսկ ծրագրի բյուջեն կազմում է 650 հազար եվրո:

https://ar.newsarmenia.ru/society/20141128/43131818.html