Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Այսօր մոտ 70 ՀԿ-ների մասնակցությամբ հիմնադրվել է հակակոռուպցիոն կոալիցիա եւ քննարկվել է ՀՀ 2014-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագիծը: Հանրային քննարկումները կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով՝ ակնկալում են, որ կոալիցիան կանցկացնի մշտադիտարկում եւ պարբերաբար հաշվետվություններ ու առաջարկություններ կներկայացնի ինչպես հանրությանը, այնպես էլ՝ կառավարությանն ու միջազգային կառույցներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում դրական տեղաշարժեր ունենալու սպասելիքով: Միջոցառումն անցկացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագրի շրջանակներում, որի բյուջեն 650000 եվրո է կազմում:
ՀՀ 2014-18 թթ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում ներառված է 4 հիմնական ոլորտ, որտեղ կառավարությունը նախատեսում է միջոցառումներ իրականացնել: Խոսքը վերաբերում է՝ առողջապահության, կրթության, հարկային հավաքագրման ոլորտներին եւ ոստիկանությանը՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մասով: Հասարակական կազմակերպությունները, սակայն, ելնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքներից, պնդում են, որ ռազմավարության մեջ պետք է ներառվի նաեւ սոցիալական ապահովության ոլորտը: Հանրային քննարկման կազմակերպիչներից «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով՝ այս բնագավառը նույնպես լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ միջազգային ընկերություն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանն ասաց, թե հույս չի տածում, որ հակակոռուպցիոն կոալիցիայի կազմավորմամբ Հայաստանում կարող է կոռուպցիան իսպառ վերացվել, սակայն, կարծում է, որ այն միասնական ուժ է եւ կարող է նպաստել դրա ծավալների նվազմանը, եթե իհարկե, օրենքի ուժով եւ ոչ թե ինչ-որ ցանկությամբ աշխատեն զսպող համակարգերը:
ՀԿ-ների ներկայացուցիչները կարծում են նաեւ, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ կառավարության ռազմավարությունը հաստատելու է 14 հոգանոց խորհուրդը, որից երկուսն են միայն ներկայացնում ՀԿ-ներ: Քաղաքացիական հասարակության ներգրավավածությունն այդ առումով, ըստ նրանց, բավարար չէ:
Եթե ՀԿ-ների սկզբունքային առաջարկները չընդունվեն, ապա՝ գնահատականը կլինի այն, որ չկա բալանսը պահելու միտում, հետեւաբար՝ նաեւ կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու կամք եւ ցանկություն՝ հայտարարեց ՀԿ ներկայացուցիչը: ՀԿ ներկայացուցիչներից ոմանք էլ շեշտեցին, որ իշխանավորների մոտ այդ կամքը փնտրել պետք չէ եւ ՀԿ-ները պիտի դա պարտադրեն՝ հենվելով նաեւ այն քաղաքացիների վրա, որոնք պաշտպանության անհրաժեշտությունն ունեն: