«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր հակակոռուպցիոն միջոցառում:
Ինչպես միջացառման բացմանը նշեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:
Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև Հակակոռուպցիոն կոալիցայի հիմնադրման մասին և ընդունվեց հռչագիր, որում մասնավորապես նշված է, որ հիմնադրամը ստեղծվում է` մտահոգված լինելով Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակով, և նկատի ունենալով կոռուպցիայի վտանգավորությունն ու բացասական հետևանքները, կարևորելով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կառուցակարգերի ներդրման առաջնահերթ նշանակությունը, համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն հասարակության գործուն ներգրավմամբ, քաղաքացիական հասարակության և կառավարության իրական գործընկերության ձևավորմամբ և զարգացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը առաջիկա տարիներին դիտել որպես ռազմավարական նշանակության հիմնահարց և ակտիվ մասնակցություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի գործում:
Նրա խոսքերով` այսպիսով նախատեսվում է հզորացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները:
Բացի այդ, կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար:
«Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է»,- ասաց Կ.Զադոյանը:
Նշվեց նաև, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 3 տարի: Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
https://www.panorama.am/am/society/2014/11/28/karen-zadoyan/