ՀՀ նոտարական համակարգում խնդիրներ կան, սակայն ձեռքբերումներն էլ քիչ չեն

Գաղտնիության պահպանման խախտումներ, գանձված եւ գրանցած գումարների անհապատասխանություն, վճարումները հավաստող ֆինանսական փաստաթղթղերի չտրամադրում, մեքենագրուհիներից հավելյալ գումարների գանձում: Սրանք «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի իրականացրած«Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքներն են: Կազմակերպության անդամները եղել են հանրապետության բոլոր մարզերում, անցկացրել սոցոլոգիական հարցումներ, հանդիպումներ` պարզելու ոլորտի խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, խախտումներից բացի, կազմակեպությունն արձանագրել է նաեւ գլոբալ խնդիրներ եւ դրանց լուծման համար ներկայացրել մի շարք առաջարկություններ: Մասնավորապես, ցանկացած սխալի համար նոտարը պետք է ամբողջական նյութական պատասխանատվություն կրի: Առկա են նաեւ սակագների խնդիրներ, հիմնականում ստորին եւ վերին սակագների շեմերի արանքում է նոտարը սակագին սահմանում: «Այս առումով սակագները պետք է լինեն ոչ միայն ֆիքսված, այլեւ որոշ գործերի վերաբերյալ պետք է լինի գույքային գնահատում եւ տոկոսադրույք: Նոտարների ոչ ազատական նշանակումները շարունակում են մնալ օրակարգային: Ոլորտն ազատականացվել է, սակայն նոտարի նշանակման եւ գնահատման առումով խնդիրները շարունակում են մնալ: Օրենսդիրը սահմանել է հավասար պայմաններ, սակայն պրակտիկայում պայմաններն անհավասար են»,- հունիսի 2-ին զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանը` հավելելով, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ նաեւ նոտարական պալատի ոչ բավարար դերը:

Խնդիրներին զուգահեռ` Կարեն Զադոյանը փաստում է, որ, նախորդ մոնիթորինգների արդյունքների հետ համեմատած, գրանցվել են նաեւ լուրջ նվաճումներ: Մասնավորապես, համաձայն սոցիոլոգիական հարցման արդյունքների, քաղաքացիների 72 տոկոսը լիովին բավարարված է նոտարական գրասենյակներում քաղաքացիների ընդունելության ընթացակարգից: Նախորդ զեկույցների ժամանակ այդ թիվը կրկնակի անգամ քիչ էր:

‹‹ ՀՀ նոտարական համակարգի ինքնակառավարման համակարգի ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է, եւ այդ առումով այդ ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծ է: Նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության եւ ինքնագնահատման համար: Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ կարեւոր է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայությունն է եւ պետք է լինի ոչ միայն վստահելի, այլեւ վերահսկելի››,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը` հավելելով, որ զեկույցը գործիք է նոտարական համակարգի համար` տեսնելու թերություններն ու հետագայում ամրապնդելու կարողությունները: Փոխնախարարի գնահատմամբ, նոտարական համակարգը որոշակի քայլերով գնում է առաջ, եւ նոտարական համակարգի զարգացումը պետք է բավարար հենք հանդիսանա հետագա հանրային ծառայությունների որակի բարելավման համար:

Հայաստանում հանրային ծառայությունների թափանցիկությունը նաեւ ԵԱՀԿ ուշադրության կենտրոնոմ է: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի տեղեկացմամբ, կառույցը կարեւորում է ինչպես գերատեսչությունների եւ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն այդ գործընթացին: ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանի գնահատմամբ էլ, հանրային իրազեկման առումով նոտարական համակարգին օժանդակությունը կարեւոր է, եւ օբյեկտիվ գնահատականներն ու սուր շեշտադրումերը շատ օգտակար են ոլորտի զարգացման համար:

Զեկույցի ավարտին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի եւ ՀՀ նոտարական պալատի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

‹‹Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա››-ն ՀՀ նոտարական գրասենյակներում եւ ՔԿԱԳ տարածքային մարմիններում հասարակական մոնիթորինգներ իրականացնում է 2009թ.: ‹‹Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա››-ն ստեղծվել է 1995թ: Նպատակն է զարգացնել նոր սերնդի իրավաբանների ներուժը եւ աջակցել Հայաստանի կայացմանը որպես իրավական եւժողովրդավարական պետություն:

https://armenpress.am/arm/news/764116/hh-notarakan-hamakargum-khndirner-kan-sakayn-dzerqberumnern.html