Հայաստանում հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նոր քայլեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը էական և շոշափելի արդյունքներ պետք է արձանագրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 29-ին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում հրավիրված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի ներկայացում» թեմայով ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպման ընթացքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը:

«Պետք է ունենանք թիրախավորված, կոնկերտ ոլորտներին վերաբերող հայացեկարգային լուծումներ և ռազմավարական մոտեցումներ»,- նշեց Մուրադյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանը էական առաջընթաց է արձանագրել ԱՊՀ երկրների շրջանում կոռուպցիայի դեմ պայքարում, և Վրաստանից հետո երկրորդ տեղում է:

«Անկախ կոռուպցիայի ընկալումից անհրաժեշտ են հիմնարար նպատակներ: Համընդգրկուն պայքարում էապես ավելի կարևորվում են թիրախային ոլորտների ընտրությունն ու ռազմավարությունը»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ հայեցակարգում հաշվի են առնվել քաղաքական կամքը, հանրային շահի առաջնայնությունը, բարեխղճությունը և թափանցիկությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը կարծիք հայտնեց, որ հանրային կառավաման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով հնարավորություն կստեղծվի ապահովել անցում դեպի առավել թափանցիկ և արդյունավետ տնտեսություն:

«Աղքատության դեմ պայքարն օրակարգային է Եվրամիության համար, և այս գործում միությունն օգնում է աշխարհի երկրների 50 տոկոսին: Հայաստանում համագործակցային բյուջեն տարեկան 50 միլիոն եվրո է, այսինքն` շուրջ 25 միլիարդ դրամ, որտեղ իր տեղն ունի նաև կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասաց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը:

Նա ընդգծեց, որ հենց բարեփոխումների լիարժեք իրականացումը վստահություն կներշնչի, որ եվրոպական հարկատուների գումարը ծառայում է իր նպատակներին:

«Կոռուպցիան լրջագույն մարտահրավեևներից մեկն է, պետք է կամք արտահայտել պայքարելու գործում, որովհետև, չնայած առաջընթացին, կոռուպցիայի մակարդակը Հայաստանոմ բարձր է մնում»,- հավելեց բանախոսը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նկատեց, որ սա կարևոր, անկյունաքարային փաստաթուղթ է կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որը մշակվել է աշխատանքային խմբի կողմից:

«Շատ կարևոր է, որ տրամաբանական մասնագիտական կառուցվածքի տեսքով նշված են հիմնական արժեքները և սկզբունքները, բարեխղճությունը ևս տեղ է գտել այս փաստաթղթում»,- ասաց նա:

ՀՀ նախագահի ռեֆերենտ, հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը, ներկայացնելով հայեցակարգը, հույս հայտնեց, որ այն բավականին ճկուն կլինի կոռուպցիայի դեմ ռազմավարություն մշակելու համար: Նա հայտնեց, որ հայեցակարգը ձևավովել էր 2013 թվականի աշնանը, որում ընդգրծված էին յոթ անձինք տարբեր ոլորտներից: Ղուկասյանը շեշտեց, որ հայեցակարգում նպատակ է դրվել հանրային կառավարման համակարգի նկատմամբ բարձրացնել հանրային վստահությունը:

Միջոցառման ընթացքում ներկաներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկություններով: Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ինչպես պետական և միջազգային կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բերափոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակում հզորացվելու են ՔՀԿ-ի և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները:

Եվրամիության կողմից իրականացվող այս ծրագրի բյուջեն կազմում է 650 հազար եվրո: Այն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից: Տևողությունը երեք տարի է:

https://armenpress.am/arm/news/760042/hayastanum-hanrayin-karavarman-hamakargum-korupciayi.html