“Կոռոպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի մասին իրազեկման սեմինար Կապանում

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության ֆինանսավորմամբ նախաձեռնել են «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը։ Այն նպատակ ունի մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման հարցում։ Ծրագրի իրազեկման նպատակով Կապանի Դարիստ հյուրանոցում նախաձեռնողները սեմինար էին կազմակերպել։

«Մենք նախատեսում ենք ստեղծել հակակոռուպցիոն մարմին և հակակոռուպցիոն կոալիցիա,որը բաղկացած կլինի ՔՀԿ-ներից և ԶԼՄ-ներից, որոնք իրենց մասնակցությունը և արդյունավետությունը կապահովեն կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Տարբեր կլոր սեղանների, միջոցառումների ընթացքում վերհանվելու են բոլոր կոռուպցիոն ռիսկերը և բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն և դրվելու են քննարկման »,- մանրամասնեց ծրագրի օգնական Նվարդ Լոռյանը ։

Այս ծրագրի շահառուները ոչ միայն քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են, այլև ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջիններս փոքր դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար պետք է լրագրողական հետաքննություն անցկացնեն և բացահայտեն կոռուպցիոն ռիսկային ոլորտները։ Ծրագրի ռեգիոնալ համակարգող Արշավիր Խալափյանի խոսքով մեր տարածաշրջանում արդեն իսկ կա ձևավորված հակակոռուպցիոն մթնոլորտ։

«Առաջին հերթին մենք ակնկալում ենք, որ այդ համակարգը կպահպանվի, որ մարդկանց մոտ սեփական իրավունքների համար պայքարելու ցանկությունը կպահպանի։ Իսկ ծրագրի նոր կոմպոնենտը, մասնավորապես ՀԿ դաշտի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը ծրագրին դրամաշնորհների տեսքով, հուսանք, որ այդ սուբյեկտներին որոշակի ակտիվություն կհաղորդի, լրացուցիչ խթան կհանդիսանա և համատեղ ուժերով կկարողանանք սայլը տեղից շարժել»։

Արշավիր Խալափյանին մի բան է ուրախացնում, Սյունիքում մարդիկ սրտացավ են, անտարբեր չեն բացասական երևույթների նկատմամբ և իրավաբանն իր ունեցած փորձից վստահ է, որ ծրագիրը հաջողություն կունենա։ Նաև անդրադարձավ մարզի լրատվամիջոցների աշխատանքին։

«Մարզի լրատվամիջոցների հետ կապված կարող եմ ասել, որ որքան հնարավոր է աշխատում են,որքան հնարավոր է լուսաբանում են։ Մեր համագործակցությունից ես դժգոհ չեմ։ Բնականաբար մարդկանցից մենք չենք կարող պահանջել այն, ինչ որ օբյեկտիվորեն հասկանում ենք, որ հնարավոր չէ։ Բայց բնակչության մոտ անտարբերություն ես չեմ նկատում , կարևոր է, որ կա սրտացավություն » ։

Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչները կիսվեցին իրենց մտահոգող հարցերով և առաջարկություններով։ Ծրագրի շրջանակներում վերջիններս կհանդիպեն արդեն ուսուցման փուլում, ինչի միջոցով նախաձեռնողները կփորձեն խթանել նշված կազմակերպությունների կարողությունների զարգացումը, դրանց վերահսկողության արդյունավետությունը։ Ծրագրի ավարտին նախատեսվում է ստացված արդյունքների հիման վրա մշակել քաղաքականություն և ներկայացնել կառավարություն։

Մարգարիտա Մանուկյան

https://sosi-tv.com/993–.html