Մարտի 5-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» և Եվրամիության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հկ-ի հետ համագործակցությամբ:
Ինչպես ներկայացրին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մաիա Մեդիա-Նավարրոն և «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ռեգիոնալ համակարգող, փորձագետ Արթուր Սուքիասյանը, ծրագրի իրականացման նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Նշվեց, որ ծրագրի շրջանակներում կհզորացվեն քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների մոնիթորիգի և վերահսկողության իրականացման կարողությունները, կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ:
-Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է,- ասաց Կ. Զադոյանը:
Նա տեղեկացրեց, որ մոնիթորինգային, հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորhներ, իսկ մինչ այդ կկազմակերպվեն իրազեկման սեմինարներ:
Ծրագրի իրականացման նախաձեռությունը ողջունեց մարզի ղեկավարը:
-Սա պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակայնության ինստիտուտների համագործակցության լավագույն քայլ է՝ նպատակաուղղված մեզանում քաղաքացիական հասարակայնության ձևավորման ու կայունացման գործին: Ժամանակի հետ մենք ավելի ենք համոզվում, որ հասարակական կազմակերպությունների հետ փոխըմբռնված համագործակցությունը եթե ոչ միակ, ապա կարևորա¬գույն այն լծակներից է, որը պետական կառավարման և տեղական ինքնակառա-վարման մարմիններին մեծ հնարավորություններ է ընձեռնում հասարակայնության առջև իրենց գործունեությամբ լինել ավելի թափանցիկ, մեղմացնել և հնարավորինս արմատախիլ անել բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը,-ասաց նա:
Ծրագրի պատասխանատուները պատասխանեցին նաև առաջադրված հարցերին: