Եթե հայրենասեր ես պետք է կոռուպցիայից զերծ մնաս. Հրայր Թովմասյան․ (Տեսանյութ)

«Կոռուպցիան այն երեւույթներից է, որ շարունակում է հավասար գնալ պետության եւ  իրավունքի հետ: Չգիտեմ՝ նախնադարյան համայնակարգերում արդյո՞ք կար, թե ոչ, բայց ինչ կա պետությունը, ցավոք սրտի, կոռուպցիան գոյություն ունի: Մարդկության ողջ պատմությունը կառուպցիայի դեմ պայքարի պատմություն է, սկսած՝ գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչեւ կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի՝ ի՞նչ աթոռի վրա է նստում, մինչեւ գիլյոտին եւ հակակոռուպցիոն ռազմավարություններ եւ կարգավորման ազդեցության գնահատականներ եւ նման միջոցառումներ»,- դեկտեմբերի 9-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կազմակերպած «Կոռուպցիայի դեմ պայքարի օրը Հայաստանում» խորագրով միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ միջազգային, արտասահմանյան եւ հասարակական կազմակերպություններից եւ պետական մարմիններից: Հրայր Թովմասյանը իր խոսքում նշեց կոռուպցիայի հիմնական պատճառները: Առաջին պատճառը նախարարը համարեց մտածողությունը. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ կաշառք տալով որոշակիորեն վնասում է սեփական պետության, սեփական հայրենիքի հզորացմանն ու կայունացմանը. Եթե սիրում ես, եթե հայրենասեր ես պետք է այս ամեն ինչից զերծ մնաս»: Իսկ երկրորդ պատճառը նախարարը համարում է օրենսդրությունը. «Օրենսդրություն, որտեղ ինչ-որ խութեր կան, որտեղ ծուղակներ կան, որտեղ այսպես էլ կարելի է, այնպես էլ կարելի է, որտեղ իրար հակասող կամ տարակարծիք մեկնաբանությունների տեղի տվող դրույթները բավականին մեծ են: Անշուշտ, այդտեղ բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվելու կոռուպցիայի համար»: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալությունների անօրինականությունների» ֆիլմը. անժամկետ հաշմանդամություն երկրորդ խումբ ունեցող Արմենուհի Առաքելյանին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն հրավիրել է վերափորձաքննման: Եվ շուտով պարզ է դարձել, որ տիկին Առաքելյանի հաշմանդամական կարգը 2-րդից փոխվել է 3-րդի, սակայն դատական գործերից հետո կնոջ կարգը վերականգնվել է: Նույնը կատարվել է նաեւ նրա ամուսին Հրաչյա Ավետիսյանի հետ, ով ունի անժամկետ հաշմանդամության 1-ին կարգ եւ, որի գործը դեռ դատարանում է: Միջոցառման ընթացքում ֆիլմի հերոսուհի Արմենուհի Առաքելյանը ճանաչվեց «Տարվա քաղաքացի»:

https://www.aravot.am/2013/12/09/413181/