«Հայաստանում միշտ կաղացել է հակակոռուպցիոն կրթությունը»,- Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ վերջին հանդիպմանը ասաց ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը. «Ավելին մենք չունենք երիտասարդ հակակոռուպցիոն առաջնորդների կրթման որևէ շարունակական ինստիտուտ», – շեշտեց նա՝ հավելելով, որ այս բացը լրացնելու համար ՀԵԻԱ-ն իր գործընկերների հետ նախաձեռնեց հակակոռուպցիոն դպրոցներ, որոնք գործարկվում են նախորդ տարվանից:
Այսօր տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ամփոփիչ հանդիպումը: Երեք ամիս տևած այս դպրոցը նախաձեռնել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
«Մենք պատկերացնում ենք ձեզ վաղվա առաջնորդների կարգավիճակում՝ տարբեր ոլորտներում, այդ առումով դպրոցի շրջանակներում ստացված գիտելիքները շատ ուժեղ հենք կարող են հանդիսանալ մեր երկրի ապագայի համար: Ձեզ նման կադրերը մեզ պետք են», – ընդգծեց պարոն Զադոյանը: Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանի խոսքերով՝ այս ծրագրի իրականացումը կարևոր էր նախ և առաջ այն պատճառով, որ այն ապահովում է կրթություն. «Կրթությունը ապահովում է այն մեխանիզմը, որը ավելի հարատև ազդեցություն է ապահովում և մարդկանց մեջ արժեքային փոփոխություն է բերում»,- ասաց նա:
«Ձեզանից յուրաքանչյուրի հետ առիթ ենք ունեցել նաև առանձին խմբային աշխատանքներում աշխատել, ծանոթանալ ձեր աշխատանքներին, վստահ եմ, որ բացի տեսական գիտելիքներից, որ ձեռք բերեցիք, նաև կարողացանք ձեզ որոշակի գործնական հմտություններ ևս փոխանցել, հետագայում փշոտ ճանապարհներն ավելի հեշտ հարթելու համար»,- ասաց դասավանդողներից ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը:
Փաստաբան Մարիամ Զադոյանը, ով նույնպես դասավանդել է դպրոցում, նշեց. «Ես ինքս ձեզնից շատ հաճախ, շատ բաներ սովորեցի, շատ ինտերակտիվ անցան դասախոսությունները, փորձեցի իմ մասնագիտական գիտելիքներով կիսվել ձեզ հետ, մեթոդը դասավանդման այնպես կազմակերպել, որ ձեզ ոչ միայն օգտակար լինի, այլ նաև հաճելի և միշտ լավ պահերը կարողանանք հիշել, հույս ունեմ, որ այն արժեքները, որ ձեռք բերեցիք այս դպրոցում սովորելու ընթացքում, միշտ ձեզ հետ կկրեք»:
ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը հաջողված համարեց դպրոցը և բոլորին շնորհավորեց, նա մասնակիցների հորդորեց մշտապես փոխգործակցել. «Շնորհավորում եմ ձեր գալիք տոները, ցանկանում եմ, որ 2016թ.-ը առողջության ու հաջողության տարի լինի: Ցանկանում եմ, որ մյուս տարվանից սկսած կոռուպցիան իր դիրքերը զիջի Հայաստանում», – շեշտեց փաստաբանը:
Այսօրվա միջոցառման ժամանակ մասնակիցները դիտեցին Իրավաբան.net կայքի պատրաստած ամփոփիչ ֆիլմը՝ դպրոցի մասին, բացի այդ, նրանցից չորսը զեկույցներով հանդես եկան, եղավ քննարկում:
«Դպրոցի առաջին օրը դուք հարցրեցիք, թե ինչ ակնկալիքներ ունեք,- կազմակերպիչներին հիշեցրեց ունկնդիրներից Մելինե Նուրիջանյանն ու հավելեց, – Ես կարող եմ միանշանակ ասել, որ այդ ակնկալիքները բոլորը բավարարվել են, անգամ ավելին՝ ինչ չէի սպասում ու ինչի մասին, որ չէի մտածում՝ այսօր ունեմ, թեկուզ գիտելիքների առումով, հուսով եմ՝ այս դպրոցը շարունակական կլինի»:
«Ես դասընթացի շրջանակներում հասկացա, որ ներուժ ունեմ և ինձնից շատ բան կարող է կախված լինել կոռուպցիան վերացնելու համար»,- նշեց մեկ այլ ունկնդիր Լիանա Այվազյանը: Քննարկումից հետո տեղի ունեցավ դիպլոմների տրման արարողությունը: Իսկ դպրոցը ամփոփվեց, ինչպես որ մեկնարկել էր՝ մասնակիցների արժեքային համակարգի բացահայտմամբ:
Հիշեցնենք՝ դպրոցի մեկնարկին՝ հենց առաջին դասախոսության ժամանակ, տեղի ունեցավ խմբակային աշխատանք՝ «Արժեքների աճուրդ» կոչվող խաղի տեսքով, մասնակիցներն առանձնացրին երեք արժեքներ, որոնք նրանց համար առաջնային են, դրանք էին՝ պատժի անխուսափելիություն, բարոյականություն և թափանցիկություն/հաշվետվողականություն: Վերջին քննարկման ժամանակ հետևյալ պատկերն էր՝ 1-ին հորիզոնականում՝ ազնվությունը, 2-րդ տեղ՝ իրավահավասարություն, իսկ երրորդը` հավասար ձայներ հավաքեցին հետևյալ արժեքները` արդարություն, բարեխղճություն, թափանցիկություն:
Վերջում ունկնդիրները հույս հայտնեցին, որ դպրոցը կլինի շարունակական: