Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) փոխնախագահ, փաստաբան և միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին։ Նիստը նախագահել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման, երթևեկության բեռնաթափման և ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հնարավոր լուծումները։ Մարատ Ատովմյանը ներկայացրել է իր դիտարկումները քննարկվող խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։
Հատուկ անդրադարձ է կատարվել երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը պետք է լինի ոչ թե վարչարարության իրականացումը, այլ խախտումների կանխարգելումը։ Այդ համատեքստում կարևորվել է պատասխանատվության միջոցների զսպիչ ազդեցությունը՝ վարորդների վարքագծի փոփոխության և երթևեկության կանոնների պահպանման տեսանկյունից։
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն ու քաղաքային արդյունավետ պլանավորմանը՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ։
Մասնավորապես, քննարկվել է կառուցապատման ծավալների, փողոցների թողունակության և կայանատեղիների բավարարության փոխկապակցվածությունը։ Կարևորվել է նաև հանրային և այլընտրանքային տրանսպորտի գրավչության բարձրացումը՝ որպես քաղաքային երթևեկության բեռնաթափմանն ուղղված միջոցառումներից մեկը։