«Հիշողությունը թել է. չկտրես՝ չի կտրվի». Կարեն Զադոյան

Այսօր վեց տարի է։

2020-ի սեպտեմբերի 27-ին առավոտյան սկսվեց պատերազմը։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ քառասունչորս օրում զոհվեց 3833 մարդ, և 191-ի տեղը մինչև հիմա հայտնի չէ։ Թվերը հանգիստ եմ գրում, որովհետև թվերի հետևում մեր տղաներն են, և տղերքի մասին բարձր ձայնով չեն խոսում։

Մեր տղաների մասին ենք գրում։ Iravaban.net-ում «Հանուն հայրենիքի» շարքն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Սա հոդված չէ, վավերագրություն է՝ բոլորի մասին և ամեն մեկի մասին առանձին. ով էր, որտեղից էր, ինչ էր սիրում, ինչ էր ուզում անել, չհասցրեց։ Շուրջ երկու հարյուր պատմություն արդեն կա։ Մեկ տարի է՝ կանգ էինք առել։

Վերսկսում ենք՝ որքան ուժներս հերիքի։ Հայ բիզնեսմենը, մեծահարուստը, բարերարն այսօր այլ առաջնայնություններ ունեն, դա նրանց իրավունքն է, և մենք դրա հետ վեճ չունենք։ Մեր առաջնայնությունը սա է։

Այս պատմությունները նրանց համար են, ովքեր այսօր ութ, տասը, տասներկու տարեկան են և պատերազմը չեն հիշում։ Նրանք պիտի իմանան, որ իրենց հասակից մի քիչ մեծ տղաներն իրենց տեղը կանգնեցին և չեկան։ Դա մոռացվող բան չէ, բայց ինքն իրեն չի հիշվում. մեկը պիտի գրի, որ մյուսը կարդա։ Հիշողությունը թել է. չկտրես՝ չի կտրվի։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այդ թելը պահողներից է և պահելու է։

Փառք ձեզ, տղերք։

Կարեն Զադոյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ