Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Հուլիսի 30-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը ողջունել է մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական քննարկում։
Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի կազմում ընդգրկված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները։
Քննարկման օրակարգում ընդգրկված էին «Առողջ տանիք» ծրագրի շրջանակում ասբեստից տանիքների փոխարինման նախագծի ընթացքը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող աշխատանքներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հանրապետությունում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման ընթացիկ վիճակը։
Ներկայացված զեկույցների շուրջ կազմակերպվել է հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային աշխատանքներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով ձևավորել թեմատիկ աշխատանքային խմբեր։
Նշենք, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը։