Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվող այն վտանգավոր միտումներով, որոնք առնչվում են Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ՝ խտրական խոսույթի, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին։ Առավել մտահոգիչ է, որ նմանատիպ արտահայտություններ և մոտեցումներ հանդիպում են նաև հանրային խոսքում, այդ թվում՝ տարբեր պաշտոնատար անձանց կողմից, ինչը կարող է նպաստել հասարակական լարվածության և սոցիալական բևեռացման խորացմանը։
Վերջին օրերին լայն հանրային արձագանք ստացած՝ Երևանի մետրոպոլիտենում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը լրացուցիչ ընդգծում է վերոնշյալ մտահոգությունները։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված հաղորդակցությունը, ներառյալ՝ Արցախից բռնի տեղահանված անձի հետ լարված տոնով փոխգործակցությունը և նրա երեխայի ներկայությամբ ձևավորված իրավիճակը, հիմք են տալիս բարձրացնելու պաշտոնատար անձանց վարքագծի համապատասխանության, հանրային խոսույթի սահմանների, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման հարցերը։ Չնայած միջադեպի առնչությամբ վարչապետի հետագա ներողությանը, այն ուղեկցվել է նաև առցանց տիրույթում բացասական, այդ թվում՝ թշնամական արտահայտությունների ակտիվացմամբ, ինչը կարող է նպաստել սոցիալական լարվածության խորացմանը։
Նման երևույթները ոչ միայն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, այլև հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ պետական մարմինների կողմից հաճախ չեն ձեռնարկվում բավարար և արդյունավետ քայլեր նման դրսևորումները կանխարգելելու և հաղթահարելու ուղղությամբ։ Ավելին, որոշ դեպքերի ժամանակ արձանագրված իրավիճակները կարող են ընկալվել որպես ատելության խոսքի հանդուրժում կամ անուղղակի խրախուսում, ինչը կարող է հակասել իրավական պետության և ժողովրդավարական արժեքների հիմնարար սկզբունքներին։
Նման համատեքստում առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում այն, որ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական և հոգեբանական խոցելիությունը մեծապես պայմանավորված է բռնի տեղահանությամբ և նպատակային էթնիկ գործողություններով։ Դրանց հետևանքներն ընդգրկում են տարիների ընթացքում արձանագրված սպառնալիքները և ճնշումները, մարդասիրական ճգնաժամը, զինված հակամարտությունները և զանգվածային տեղահանությունը, ինչպես նաև մշակութային ու պատմական ժառանգության շարունակական կորուստը։ Այս ամենի հաշվառմամբ՝ փաստում ենք, որ բռնի տեղահանված և նմանօրինակ ծանր փորձություններ վերապրած անձանց թիրախավորումը ատելության խոսքի, խտրականության և սոցիալական մեկուսացման միջոցով հանգեցնում է նրանց երկրորդային վիկտիմիզացիայի (secondary victimization)։ Սա ոչ միայն խորացնում է տուժածների սոցիալական ու հոգեբանական խոցելիությունը, այլև ուղղակի սպառնալիք է իրավունքի գերակայության և հասարակական համերաշխության սկզբունքներին։
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը կոչ է անում.
- ՀՀ պետական մարմիններին՝
- Ձեռնարկել անհապաղ քայլեր ատելության խոսքի և խտրականության կանխման ուղղությամբ։
- Ապահովել հստակ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ տեղահանվածների պաշտպանության համար։
- Ցուցաբերել զսպվածություն և բացառել անհանդուրժողականություն հրահրող ցանկացած հանրային խոսք։
- Մարդու իրավունքների ազգային և միջազգային կառույցներին՝
- Իրականացնել շարունակական մշտադիտարկում և տալ օբյեկտիվ գնահատականներ։
- Նպաստել սոցիալական ներառման և համերաշխության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և հասարակական համերաշխության ամրապնդման ապահովմանը։
Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց․
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
- «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
- «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
- «Լուսաստղ» ՀԿ
02.04.2026թ.