Հայաստանի Կոռուպցիայի ընկալման (ԿԸ) համաթվի ցուցանիշը 2025 թվականին կազմել է 46 միավոր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ միավորով։ Համաշխարհային դասակարգման աղյուսակում՝ 182 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 65-րդ տեղը։
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին հավելվածով, 2023-2026 թթ. ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում գրանցված առաջընթացը պետք է ապահովեր համաթվի ընկալման աճ՝ 55 միավորի ցուցանիշ։ Ակնհայտորեն, նախանշված ցուցանիշի համեմատ միջազգային գնահատումներով առկա հայաստանյան իրողությունը խիստ մտահոգիչ է։
2025թ.-ի արդյունքները փաստում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածաշրջաններում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Հայաստանի պարագայում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված հակակոռուպցիոն համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։ Մասնավորապես՝ ստեղծվել են հակակոռուպցիոն պայքարի մասնագիտացված մարմիններ, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանները և ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումները։ Նախատեսվում էր, որ այս կառույցների ստեղծումն ու գործունեությունը կնպաստեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և կհանգեցնեն հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի նվազմանը։
Միևնույն ժամանակ արձանագրվում է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության որոշակի ընդլայնում՝ պետական մարմիններին կից հասարակական խորհուրդների միջոցով ՔՀԿ-ների ներգրավվածության ընդլայնմամբ։
Այնուամենայնիվ, ԿԸ համաթվի վերջին տարիների ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել կոռուպցիայի ընկալման մակարդակի էական բարելավման։ Թեև 2025թ.-ի ցուցանիշի նվազումը նախորդ տարվա համեմատությամբ մեծ չէ և կարող է դիտարկվել որպես թույլատրելի վիճակագրական տատանում, այն նաև վկայում է, որ իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության ազդեցությունը առայժմ չի արտահայտվել զգալի առաջընթացի տեսքով։ Բացի այդ, վերջին տարիների համեմատական դիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես 2020–2021թթ. ցուցանիշների համեմատ արձանագրվել է նահանջ՝ 2 միավորով։
Հայաստանը Կոռուպցիայի ընկալման 2020 թ.-ի համաշխարհային ինդեքսում 60-րդ տեղում էր՝ 49 միավորով, և 2019–ի համեմատ դիրքերը բարելավել էր 7 միավորով։ Այս ցցուն տարբերությունը հիմք է տալիս հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վրա։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ կոռուպցիան բարդ սոցիալական երևույթ է և ունի արագ տրանսֆորմացիոն բնույթ։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը հաճախ սահմանափակ է։ Մասնավորապես՝ հանրությունը ոչ միշտ է որպես կոռուպցիոն դրսևորումներ ճանաչում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են նեպոտիզմը, ֆավորիտիզմը և կլիենտիզմը։
Նշված երևույթները կարող են էական ազդեցություն ունենալ հանրային հատվածում մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև պետական գնումների համակարգի թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ ստեղծելով ոչ մրցակցային և ոչ թափանցիկ գործելակերպի ռիսկեր։
Թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից մտահոգիչ է նաև այն իրավիճակը, որ թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված են շահերի բախման կառավարման իրավական հիմքերը, սակայն դրանց կիրառումը հիմնականում կրում է արձագանքող բնույթ և կոնկրետ դեպքերի ուսումնասիրությունը հիմնականում իրականացվում է փաստի արձանագրումից հետո (post factum), մինչդեռ նախականխման և վաղ փուլում կանխարգելման գործիքակազմերը դեռևս սահմանափակ են կիրառվում։
Այս համատեքստում ուշագրավ է Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման շրջանակներում կոմիտեի նախագահի տրամադրած տեղեկությունը, համաձայն որի՝ 2025թ.-ին դատարան է ուղարկվել քրեական վարույթների շրջանակում մեղադրանք առաջադրված 298 հանրային ծառայողի գործ, , որոնցից 222–ը եղել են գործող պաշտոնյաներ։
Վերոնշյալ տվյալները և արձանագրումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն քաղաքականությունների արդյունավետ իրականացման տեսանկյունից։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է գնահատում նաև ԿԿՀ-ի անդամների ընտրության գործընթացները՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել այդ մրցույթներն ու ընտրությունները առավել թափանցիկ, հաշվետու և վստահելի դարձնելու համար։
Մեկ այլ մտահոգիչ պրակտիկա է նաև այն դեպքերը, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ընթացող դատական նիստում դատավորի որոշմամբ նիստը անցկացվում է դռնփակ՝ առանց կողմերի համապատասխան միջնորդության և առանց պատճառաբանված հիմնավորման՝ վկայակոչելով արդարադատության շահի ապահովումը։ Նման պրակտիկան կարող է դիտարկվել որպես հանրային նշանակություն ունեցող գործերով հրապարակայնության սկզբունքից նահանջ և կարող է բացասաբար անդրադառնալ դատական քննության արդարության նկատմամբ հանրության վստահության մակարդակի վրա։
Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային լավագույն փորձը և ընդունված չափանիշները հակակոռուպցիոն գործերի քննության ոլորտում հստակ շեշտադրում են դատական վարույթի առավելագույն թափանցիկությունն ու հրապարակայնությունը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, ԵԽ-ի՝ Պետությունների խմբի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ուղեցույցները բազմիցս ընդգծել են, որ կոռուպցիայի դեմ պայքարում հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու դատական գործընթացների հրապարակայնությունն ունեն հիմնարար նշանակություն։
Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան արձանագրում է մի շարք համակարգային խնդիրներ․
- Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ոլորտում համակարգային քաղաքականության անբավարարություն․ մասնավորապես՝ կառավարության և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների քաղաքականությունը բավարար չափով չի ապահովում հասարակության լայն շրջանակներում, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը և կանխարգելիչ միջոցառումների հետևողական իրականացումը։
- Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի անկախության և հաշվետվողականության ապահովման անհրաժեշտություն․ Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովի անդամների ընտրության և թափուր պաշտոնների համալրման գործընթացներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը առաջացնում է ողջամիտ մտահոգություններ քաղաքական ազդեցությունների հնարավոր առկայության վերաբերյալ և կարող է խոչընդոտել բարձր մասնագիտական որակներով և բարեվարքությամբ օժտված մասնագետների ներգրավմանը հակակոռուպցիոն համակարգում։
Միևնույն ժամանակ հակակոռուպցիոն կոալիցիան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝
- աջակցել ՀՀ կառավարությանը 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված նպատակների և գործողությունների լիարժեք և ամբողջական իրականացման գործընթացում,
- տրամադրել փորձագիտական աջակցություն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմիններին՝ միջազգային լավագույն փորձի տեղայնացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ,
- իրականացնել լայնածավալ և համակարգային հակակոռուպցիոն կրթական ու իրազեկման ծրագրեր,
- իրականացնել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մշտադիտարկում և ներկայացնել ոլորտային հակակոռուպցիոն քաղաքականությունների կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
Հակակոռուպցիոն կոալիցիան պատրաստակամ է իր փորձագիտական ներուժը ծառայեցնել հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը՝ հանուն Հայաստանում կոռուպցիայից զերծ, թափանցիկ և բարեվարք կառավարման միջավայրի ձևավորման։
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Հայաստանի ՔՀԿ–ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
«13» մարտ, 2026թ․