Մարտի 10-ին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նախարարը շնորհավորել է խորհրդի անդամներին՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական փորձը հնարավորություն կտա համատեղ քննարկումների միջոցով նպաստել նախարարության քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
Նիստի ընթացքում ներկայացվել է 2025 թվականին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նաև նախարարության ենթակա կառույցների՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեությանը, ինչպես նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, որտեղ նախարարությունն ունի համակարգող դեր։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանցավորության դեմ պայքարին։ Կարևորվել է նաև քրեական ենթամշակույթի դեմ հանրային միասնական մերժողական վերաբերմունքի ձևավորումը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՆԳՆ համակարգի ծառայողների հաղորդակցության կարողությունների զարգացմանը, մասնագիտական վերապատրաստումներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին և հանրային իրազեկման միջոցառումներին վերաբերող հարցեր։
Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Նիստին մասնակցել է կազմակերպության փոխնախագահ Մարատ Ատովմյանը, ով հանդես է եկել ելույթով։
Քննարկման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում։