Տեղի ունեցավ ՏԿԵ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Փետրվարի 24-ին կայացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը, որը նախագահել է նախարար Դավիթ Խուդաթյան։ Նիստին մասնակցել են խորհրդի անդամները, նախարարության գլխավոր քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Շնորհավորելով խորհրդի ձևավորման և աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը կարևորել է քաղաքացիական հասարակության ակտիվ և կառուցողական ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի պետություն–մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

Օրակարգի առաջին հարցով քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ ընթացիկ տարում նախարարության կողմից իրականացվելիք առաջնահերթ քայլերը։ Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նախարարության համակարգման ոլորտներին վերաբերող ծրագրերը՝ մասնավորապես էներգետիկայի և համայնքային զարգացման ուղղություններով իրականացվող նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել աշխատանքների առավել համակարգված կազմակերպման անհրաժեշտությանը, քննարկվել է ոլորտային առանձին աշխատանքային խմբերի ձևավորման հնարավորությունը՝ հստակ չափելի արդյունքներ ապահովելու նպատակով։

Նիստն անցել է ակտիվ և արդյունավետ մթնոլորտում․ նախարարության ներկայացուցիչների և հասարակական խորհրդի անդամների միջև ծավալվել է կառուցողական երկխոսություն՝ ներկայացված հարցերի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների շուրջ։

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Առաջին նիստին մասնակցել է կազմակերպության իրավաբան Մարիաննա Ավագյանը։