Կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարում էր նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը ողջունել է խորհրդի անդամներին՝ նշելով, որ նոր աշխատակարգով հասարակական խորհուրդների դերն ու նշանակությունը էապես բարձրացել են, իսկ դրանց մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացում դարձել է առավել տեսանելի և ազդեցիկ։
Օրակարգի շրջանակում ներկայացվել են Կառավարության հնգամյա ծրագրով 2026 թվականին ԿԳՄՍ ոլորտներում նախատեսվող առաջնահերթությունները՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը և ռազմավարական ուղղությունները։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտային մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը ներկայացրել է պարզաբանումներ և հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների թվում է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Առաջին նիստին մասնակցել է ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել թեմատիկ աշխատանքային խմբեր և շարունակել համագործակցությունը՝ ոլորտային քաղաքականությունների արդյունավետ իրականացման և բարելավման նպատակով։