Սույն թվականի դեկտեմբերի 23-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետ՝ Ցանց) կառավարմանկառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստը նախագահեց Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ջուլիետտա Առուստամյանը։
Նիստի սկզբում ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանը ներկայացրեց Ցանցի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Նա ներկայացրեց 2025 թվականի ընթացքում իրականացված գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Նա նշեց, որ Armrights.am պլատֆորմի միջոցով տրամադրվել է 140 իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև 16 անձի իրավաբանական խորհրդատվություն տրամադրվել է համայնքային այցերի ընթացքում և գրասենյակում։ Կազմվել են 35 գրություններ՝ ուղղված համապատասխան իրավասու մարմիններին, որոնց ընթացքը հետևյալն է՝ 7՝ տրամադրվել է պարզաբանում, 15՝ բավարարված, 1՝ մասնակի բավարարված, 6՝ մերժված, 6՝ ընթացիկ։Իրականացվել է համայնքային 4 այց:
Այնուհետև Ցանցի գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ 2026 թվականին «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ցանցի աշխատանքները շարունակել հետևյալ ուղղություններով.
ա/ անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց,
բ/ հանրության իրազեկում Ցանցի գործունեության և Ցանցի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների մասին,
գ/ բռնի տեղահանված անձանցից ոլորտի իրավական խնդիրների հավաքագրում և դրանցի հիման վրա հանրային քաղաքականության բարելավման աշխատանքների իրականացու պատկան մարմինների հետ,
դ/ ոլորտի վերաբերյալ գնահատականների ներկայացում՝ Ցանցի կառավարման խորհրդի հայտարարությունների տեսքով։
Ցանցի գլխավոր քարտուղարը առաջարկեց նաև առաջին ուղղության շրջանակներում առցանց հանդիպումներ կազմակերպել համայնքի այն անձանց հետ, որոնք ունեն իրավական խնդիրներ, և համակարգված աջակցություն ցուցաբերել նրանց խնդիրների լուծման գործընթացում: Նա ընդգծեց, որ նման մոտեցումը կարող են որդեգրել նաև Ցանցի մյուս անդամները՝ ուղղորդելով այն այն խումբ անձանց համար, որոնք առավելագույն իրավական աջակցության կարիք ունեն: Հեռավար ձևաչափով կամ անհրաժեշտության դեպքում՝ համայնքային այցերի միջոցով հնարավոր կլինի նպատակային աջակցություն տրամադրել, անդրադառնալ անհատական խնդիրներին և առաջարկել լուծումներ, որոնք կբարելավեն շահառուների իրավիճակը և կհեշտացնեն իրավական ծառայությունների հասանելիությունը: Նա ընդգծեց, որ այս մոտեցումը թույլ կտա համակարգված կերպով աջակցել շահառուներին, ապահովել իրավական ծառայությունների մատչելիությունը և ավելի արդյունավետ ձևով արձագանքել համայնքի կարիքներին:
Քննարկման փուլում Ցանցի անդամ հասարակական կազմակերպությունները ներկայացրին իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ անդրադառնալով իրականացված աշխատանքների արդյունավետությանը, առկա խնդիրներին և հետագա գործունեության հնարավոր ուղղություններին։ Քննարկումները նպաստեցին կարծիքների փոխանակմանը և համագործակցության շարունակական ձևաչափերի հստակեցմանը։