Դոհայում քննարկվել են կոռուպցիայի զոհերի իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության մասնակցության վերաբերյալ հարցերը

Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 19-ին շարունակվել է հատուկ միջոցառումների անցկացումը։ Հատուկ միջոցառումներից երեքը նվիրված են եղել կոռուպցիայի զոհերի իրավունքներին, քաղաքացիական հասարակության մասնակցությանը և հակակոռուպցիոն ու մարդու իրավունքների միջև կապերի ամրապնդմանը։

«Կոռուպցիայի զոհերի իրավունքների առաջ մղելը» թեմայով հատուկ միջոցառումը նվիրված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի զոհերի իրավունքերի պաշտպանության կարևորությանը։ Փորձագետները ընդգծել են UNCAC-ի և այլ միջազգային և տարածաշրջանային պարտավորությունները, ներկայացրել նորարար իրավական գործիքներ և պրակտիկայից քաղված դասեր՝ արդարադատությունը, հաշվետվողականությունն ու փոխհատուցման միջոցները մարդու իրավունքների սկզբունքների միջոցով առաջ տանելու համար։

«Քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը UNCAC վերանայումներին» թեմայով քննարկումը ընդգծել է քաղաքացիական հասարակության ներգրավվածության լավ փորձն ու մարտահրավերները վերանայման առաջին փուլում։ Քննարկման մասնակիցները կիսվել են ազդեցության պատմություններով, խորհել են UNCAC-ի իրականացման մասին և տրամադրել առաջարկություններ՝ ամրապնդելու պետության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը՝ ապագա UNCAC վերանայման փուլը ավելի իմաստալից և ազդեցիկ դարձնելու համար։

«Հակակոռուպցիոն և մարդու իրավունքների միջև կապերի գործնականացումը» թեմայով աշխատաժողովում քնարկվել է Ատլանտայի համաժողովից երկու տարի անց ձեռք բերված առաջընթացը՝ հակակոռուպցիոն և մարդու իրավունքների միջև կապերի ստեղծման գործում։ Քննարկվել են ձեռքբերումները և մնացած մարտահրավերները, ներկայացվել են գործիքներ, ռազմավարություններ և մուտքի կետեր, որոնք կապում են հակակոռուպցիոն և մարդու իրավունքների ոլորտները։

Այս հատուկ միջոցառումներին մասնակցել են նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը և ԻՀԱ-ի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը։

Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի վերջին օրը շարունակել են իրենց աշխատանքային հանդիպումները հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների հակակոռուպցիոն մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։