Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 15-19-ը կայանում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դեկտեմբերի 16-ին StAR-ի (Stolen Asset Recovery Initiative – Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնություն) կողմից օրվա շրջանակներում կազմակերպվել էին թեմատիկ քննարկումներ։
Օրվա առաջին կեսին կայացած պանելային նիստերում քննարկվել են գողացված ակտիվների վերականգնման և վերադարձի տվյալների թափանցիկության, մարդու իրավունքների, ինչպես նաև՝ ակտիվների կառավարման և կրիպտոակտիվների վերաբերյալ հարցերը։
Զեկուցողների կողմից ներկայացվել են գողացված ակտիվների վերականգնման և վերադարձի վերաբերյալ տվյալների թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։
Վերոնշյալ պանելային քննարկումներին մասնակցել են նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը և ԻՀԱ-ի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը։
Նիստերը կազմակերպվել են «Ձևավորելով վաղվա ազնվությունը» ընդհանուր թեմայի շրջանակներում և անցկացվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գծով գրասենյակի կողմից հիմնադրված Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության և այլ հեղինակավոր կազմակերպությունների աջակցությամբ։
Համաժողովը իր աշխատանքները կշարունակի մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։
