Դեկտեմբերի 15-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) մասնակից պետությունների 11-րդ համաժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։
Համաժողովին մասնակցում են կոնվենցիայի մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և փորձագետներ։ Լիագումար և պլենար նիստերի շրջանակներում կքննարկվեն կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող կարևորագույն հարցեր։
Համաժողովը հնարավորություն է տալիս կոնվենցիայի մասնակից պետություններին փոխանակել փորձ, քննարկել հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ մեխանիզմներ և ամրապնդել միջազգային համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան հայտնի հակակոռուպցիոն գործիչներ, հետազոտողներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ և պետական պաշտոնյաներ տարբեր երկրներից։
Համաժողովին մասնակցում են նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարատ Ատովմյանը, ինչպես նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետությունից։
