Կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 10-րդ համաժողովը

2025թ. դեկտեմբերի 10-ին առցանց ձևաչափով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 10-րդ համաժողովը։ Համաժողովը վարեց Կոալիցիայի գլխավոր քարտուղար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման հասարակական մշտադիտարկումներին, միջազգային հարթակներում մասնակցությանը, ինչպես նաև մարդու իրավունքների, դատաիրավական, ոստիկանության ու հակակոռուպցիոն ռազմավարություններով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ հասարակական մշտադիտարկումներին։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև Կոալիցիայի կառավարման խորհրդի 10-րդ կազմի ընտրությունները։ Խորհրդի 10-րդ կազմի համար առաջադրվեցին չորս կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Թերեզա Դավթյան («Արդարության տուն»), Արմեն Բաղդասարյան («Թվային Հայաստան»), Անուշ Մարտիրոսյան («Մեդիան հանուն կրթության») և Նարինե Ավետիսյան («Բարեվարքություն հանուն զարգացման»)։

Թեկնածուները ներկայացրեցին իրենց գործունեությունը և Կոալիցիայում արդյունավետ համագործակցության վերաբերյալ տեսլականը։

Միաձայն հաստատվեց Կառավարման խորհրդի նոր կազմը։ Որոշվեց դեկտեմբերի 11-ին գումարել նորընտիր խորհրդի անդրանիկ նիստը՝ նախագահի ընտրության և առաջիկա ծրագրերի քննարկման նպատակով։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի 10-րդ կազմը

  1. «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ ի դեմս Թերեզա Դավթյանի,
  2. «Թվային Հայաստան» ՀԿ ի դեմս Արմեն Բաղդասարյանի,
  3. «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ի դեմս Անուշ Մարտիրոսյանի,
  4. «Բարեվարքություն հանուն զարգացման» ՀԿ ի դեմս Նարինե Ավետիսյանի ,
  5. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ի դեմս Կարեն Զադոյանի։