Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի 7-րդ նիստը

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 7-րդ հանդիպումը, որի առանցքային թեմաներից էր Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը։
Զեկույցով հանդես է եկել պլատֆորմի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ներկայացուցիչ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։


Իր ելույթում տիկին Սողոմոնյանը համապարփակ ներկայացրել է ոլորտում առկա իրավիճակը՝ մասնավորապես անդրադառնալով հակակոռուպցիոն մարմինների կայացմանը և դրանց ինստիտուցիոնալ անկախության լիարժեք ապահովմանը խոչընդոտող գործոններին, կոռուպցիայի կանխարգելման և հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հակակոռուպցիոն կրթության ոլորտում առկա բացթողումներին և մարտահրավերներին։ Նա նաև խնդիրները դիտարկել է նաև միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո։
Նույն թեմայի շուրջ զեկույցով հանդես է եկել նաև Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության (DG Justice) միջազգային հարաբերությունների պատասխանատու և գործուղված ազգային փորձագետ Մարի Դելպլասը, ով համակարգում է օրենքի գերակայության և դատական համագործակցության արտաքին ասպեկտները։
Հատկանշական է, որ Սյուզաննա Սողոմոնյանի և Մարի Դելպլասի կողմից բարձրացված խնդիրներն ու մարտահրավերները մեծամասամբ համընկել են, ինչը փաստում է խնդիրների օբյեկտիվ ընկալման մասին։ Զեկույցներին հաջորդել է ակտիվ քննարկում պլատֆորմի անդամների և նիստի մյուս մասնակիցների միջև։
Այցի շրջանակներում ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական պատվիրակությունն այցելել է նաև ՆԱՏՈ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ առանձին հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության պատասխանատուների հետ։